Բաքուն վայր դրեց զենքերը. Հայաստանը հաղթե՞ց

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի ապրիլի 23-ին արած հայտարարությունը պարզ երկնքում հուժկու ամպրոպի տպավորություն է թողել:

«Ինչի՞ մենք կարող ենք հասնել միայն նմանատիպ զգացմունքային, պատերազմի կոչեր անելով: Եթե հնարավոր է խնդիրը խաղաղ ճանապարհով լուծել, ապա ինչու՞ ենք դեմ այդ մոտեցմանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միշտ հայտարարում է, որ մեր տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չէ: Այդ իսկ պատճառով, պատգամավորները պետք է զգույշ լինեն իրենց` պատերազմի կոչերում»,-մասնավորապես՝ հայտարարել է Ասադովը՝ դիմելով պատգամավորներին:

Հայտարարությունն, ըստ էության, աննախադեպ է ու տալիս է բազմաթիվ ենթադրությունների ու եզրահանգումների տեղիք, ինչպես նաև բարձացնում հարցեր, որոնց պատասխաններն առայժմ միգուցե տեսանելի չեն:

Գլխավոր հարցը մեկն է՝ ի՞նչն է ստիպել նման կարգի դեմքին անել Ադրբեջանից տարիներ շարունակ հնչող ռազմատենչ հայտարությունների ոգուն ու տրամաբանությանը հակասող հայտարարութուն-կոչ: Արդյոք գործ ունե՞նք Բաքվի քաղաքականության փոփոխության մասին ազդարարող նախանշանի հետ, թե՞ ադրբեջանցիները որոշել են կապկել Հայաստանին՝ ներկա պահին նախընտրելով խաղաղասեր երևալ. մի կողմից՝ թուրք-ադրբեջանական զորքերը զորավարժություններ են իրականացնում (սկիզբը նախատեսվում է մայիսի սկզբին), մյուս կողմից՝ քաղաքական ղեկավարությունը ձևանում է խաղաղասեր,ինչն առնվազը կասկածելի համադրություն է:

Չնայած միանշանակորեն դժվար է ասել՝ ո՞ր տարբերակի հետ գործ ունենք, սակայն միանշանակ է, որ վերջին շրջանում  տարածաշրջանային գործընթացներում ներգրավվածություն ունեցող ուժային կենտրոններից որոշ ազդակներ են հղվում, որոնք գալիս են փաստելու, որ Ադրբեջանին փորձում են զսպել. ՌԴ-ից հետո տարածաշրջանային խաղաղությանն իր նպաստը բերելու մասին օրեր առաջ ամերիկացիներն էին հայտարարել (այս մասին, մասնավորապես, Մամեդյարովն էր օրերս տեղեկացրել), իսկ ահա այսօր հայտնի է դարձել,որ Մոսկվան մտադիր է Հայաստանում իր ավիացիոն ռազմակայանի ՄԻԳ 29 օդանավերը 2020-21 թվականների ընթացքում փոխարինել 18 միավոր Սու 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներով (սա կարող է հստակ ազգակ լինել առ այն, որ պատերազմի հրարման պարագայում Մոսկվան կարող է սատարել Տոնոյանի առաջ քաշած գաղափարին՝ «նոր տարածքներ՝ նոր պատերազմի դիմաց» սկզբունքին): Բացի սա՝ ապրիլի 23-ին ՀՀ խորհրդարանի բակում ԱԺ խոսնակի հետ համատեղ ծառատունկի ժամանակ  ՌԴ դեսպանը, մեկնաբանելով հայ-ռուսական հարաբերությունների վիճակը, հայտարարել է, որ ՀՀ և ՌԴ եղբայրական դաշնակցային հարաբերությունները համապատասխանում են երկու ժողովուրդների շահերին: «Դրանք կայուն են և ունեն ամուր հիմք, միտված են ապագային»,-մասնավորապես՝ հայտարարել էր Կոպիռկինը: Իր հերթին նախկին դեսպան, 1992-96 թվականներին Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի՝ ղարաբաղյան հակամարտության հարցերով լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը  հոդված է հրապարակել, ուր կտրուկ կերպով բարձրացրել է բանակցություններին Արցախի մասնակցության հարցը՝ այն համարելով կարևորագույն պայման՝ խնդրի համապարփալ լուծմանը հասնելու համար:

Անշո՛ւշտ, վերոհիշյալ իրադարձությունները միայն արտաքին դրսևորումներն են այն խորքային գործընթացների, որոնք այժմ ընթանում են, և որոնց արդյունքում, փաստորեն, Բաքվի համար պարզ է դառնում, որ ավելորդ ակտիվության դեպքում կարող են կանգնել քայքայման եզրին. այս ամենի համատեքստում Ասադովի նախազգուշացման տեքստում տեղ գտած որոշ ձևակերպումներ իսկապես ադեկվատ են դիտարկվում:

Այսպիսով՝ Հայաստանի խաղաղասիրական ջանքերը կարծես պտուղ են տալիս: Ճիշտ է՝ ոչ ոք չի կարող երաշխավորված կերպով ինչ-որ բան պնդել, ասել՝ տեսանելի ապագայում պատերազմ կլինի՞, թե՞ ոչ, սակայն ակներև է, որ Ադրբեջանը կրակելուց առաջ ստիպված է լինելու յոթ անգամ մտածել, եթե, այնուամենայնիվ, որոշել է դիմել արկածախնդրության:

Հայաստանին կարծես հաջողվել է իր շուրջը կոնսոլիդացնել կառուցողական ուժերին ու դրանց օգնությամբ Բաքվին խաղաղություն պարտադրել,ինչը, սակայն, չի նշանակում, որ Հայաստանը կարող է թուլացնել իր զգոնությունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.