Մեր պատկերացմամբ 10 տարվա արդյունքում ՀՀ 10 խոշոր ձեռնարկությունները պետք է լինեն ՏՏ ոլորտի ընկերությունները. վարչապետ

Մեր պատկերացումը հետևյալն է, որ 10 տարվա արդյունքում ՀՀ 10 խոշոր ձեռնարկությունները պետք է լինեն ՏՏ ոլորտի ընկերությունները: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ԵՊՀ մասնաշենքում Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետը ևս վերահաստատեց իր այն միտքը, որ տնտեսական հեղափոխության տեսլականն է ՀՀ-ն բարձր տեխնոլոգիաների երկիր դարձնելը, բարձր որակավորման աշխատուժի երկիր դարձնելը:

«ՀՀ-ն պետք է դուրս գա ցածր որակավորման աշխատուժ ունեցող երկրի կարգավիճակից, այստեղից բխում է մեր հաջորդ շղթան, որը կապված է կրթության հետ: Կրթության ոլորտում պետք է ունենանք շատ լուրջ փոփոխություններ: Կրթական համակարգը պետք է ի վիճակի լինի ՀՀ-ին ապահովել, ուսանողներին ապահովել բարձր որակավորմամբ: Բուհերն ավարտելուց հետո ուսանողները պատրաստ և մրցունակ մասնագետի կարգավիճակ ունենան: Հետազոտական, գիտական աշխատանքը պետք է կրթության համակարգում ավելի ու ավելի մեծ տեղ զբաղեցնի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունը բարձր աշխատավարձի խրախուսման քաղաքականություն է վարելու: Հարկային օրենսգրքով արդեն նախատեսվում է, որ եկամտահարկը պետք է դառնա համահարթ 23 տոկոս, իսկ մի քանի տարի անց՝ 20 տոկոս:

«Նույնիսկ մեծ ջանքերի դեպքում ՀՀ պոտենցիալ աշխատուժը բերել նույն որակավորմամբ, շերտավորումն անխուսափելի է: Դրա համար մենք առաջնահերթություն են հայտարարել գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտը և այն աշխատուժը, որը բարձր տեխնոլոգիաներով չի կարողանա զբաղվել, կտեղավորվի այս հատվածում և ապահովել բարեկեցության մակարդակ»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տնտեսական հեղափոխության մեթոդը լինելու է նույն քաղաքական հեղափոխության նման՝ առանցքը անհատական ջանքն է, քաղաքացիներին խրախուսելը:

«Հույս ունենք, որ բորսայական համակարգը առաջիկայում կզարգանա: Մենք նույնպես աշխատանք ենք տանում այս ուղղությամբ: Խրախուսելու ենք մասնավոր ընկերություններին, որ իրենք էլ գնան այդ ճանապարհով»,- ասաց նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.