Ինչի՞ն է միտված 124 մլն դրամի հատկացումը

«Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների անցկացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 124 մլն դրամի տրամադրման վերաբերյալ նախագիծը մեծ աղմուկ է բարձրցրել հասարակական-քաղաքական որոշակի շերտերի շրջանում: Ոմանք համոզմունք են հայտնում, որ տնտեսական  ծանր վիճակում գտնվող երկրի կառավարության համար անհարկի շռայլություն  է նման կլորիկ գումարի տրամադրումը մի միջոցառման անցկացմանը, որի իմաստն անգամ շատերը չեն էլ գիտակցում: Ավելին՝ հնչում են կարծիքներ, որ Փաշինյանի կողմից իրականացվող այս քայլն իրականում ունի քաղաքական ենթատեքստ և միտված է՝ ի ցույց դնելու այն ժողովրդականության բարձր մակարդակը, որ վայելում են իշխանությունները Հայաստանում:

Չնայած արդեն մեկ տարի է, ինչ հայ հասարակությունն ապրում է նոր Հայաստանի պայմաններում, սակայն, ցավոք, դեռևս չի հաջողվել կյանքի կոչել խոստացված տնտեսական հեղափոխությունն: Եվ ահա այս ֆոնին, փաստորեն, որոշում է կայացվում մոտ 250 հազ եվրո հատկացնել «Քաղաքացու օրվան» նվիրված տոնախմբությանը. նմանօրինակ ռեակցիան ինչ-որ իմաստով սպասելի պետք է համարել:

Իրականում, սակայն, պետք է արձանագրել, որ խնդիրը ոչ թե գումարի ծավալն է, որը չի կարելի աստղաբաշխական համարել, այլ այն գերնպատակը, որին ձգտում է կառավարությունը՝ նման քայլի գնալով: Ո՞րն է այն:

Նախ ակնհայտ է, որ հասարակական ամենալայն աջակցության պայմաններում Փաշինյանը խնդիր չունի ի ցույց բոլորի ինչ-որ ակցիաների կազմակեպման, և անկախ այն բանից՝ կլինե՞ր «Քաղաքացու օր», թե՞ ոչ, փաստ է, որ վարչապետն այսօր, մեղմ ասած, գերպոպուլյար է:

Մյուս կողմից՝ իշխանությունների խնդիրն այս պարագայում հստակ է՝ հեղափոխական արժեքների արմատավորումը հասարակության շրջանում, ինչի իմաստը կայանում է մեկ բանում՝ օգնել քաղաքացուն ունենալ ավելի բարձր ինքնագիտակցություն, լինել սեփական իրավունքներին հետամուտ և դառնալ երկրի իրական տերը: Այո՛, անկասկած,  միջոցառումներին հատկացվելիք գումարները փոքր չեն մեր երկրի համար՝ մանավանդ աղքատության նման բարձր մակարդակի պայմաններում, սակայն պետք է նաև գիտակցել, որ առանց հայ հասարակության մտածելակերպի փոփոխության, որին էլ միտված են լինելու «Քաղաքացու օրվա» միջոցառումները, անհնար է լինելու նաև տնտեսական հեղափոխությունը, որի հիմքն, ինչպես նշում է  Փաշինյանը, պետք է դառնա անձնական նախաձեռնողականությունը,  հայրենատիրությունն՝ այս բառի ամենալայն իմաստոց:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.