Սանասարյանն արդեն հայհոյում է. հարված՝ Վանեցյանին

Դավիթ Սանասարյանն, ում պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել է մեղադրյալի կարգավիճակ ունենալու պատճառով (Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարել էր ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանին ուղղված մեղադրանքի գործով քննիչի միջնորդությունը և կասեցրել նրա պաշտոնավարումը Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնին), հանդես է եկել հերթական ֆեյսբուքյան գրառմամբ, ուր հայհոյախառը լեքսիկոնով փորձել է հերքել այն բոլոր ասեկոսեներն ու խոսակցությունները, որ երկար ժամանակ ի վեր շրջանառվել ու հիմա էլ շրջանառվում են իր անվան շուրջ:

Մասնավորապես՝ Սանասարյանն «անբարոյականի զավակներ» է անվանել բոլոր նանց, ովքեր շարունակում են պնդել, թե ինքը օտարերկրյա գործակալ է: Ավելին՝ Սանսարյանը նաև հավաստիացրել է, որ երբեք սորոսյան գրանտներից չի օգտվել:

Միաժամանակ Սանսարյանի անվան շուրջ բարձրացած աղմուկին իր արձագանքն է տվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանն, ով ֆեյսբուքյան լայվի միջոցով բավական ուշագրավ հայտարարւոթյուններով է հանդես եկել՝ տարակուսանք հայտնելով, որ ԱԱԾ-ում կոռուպցիոն բացահայտումներ հեղափոխությունից հետո այդպես էլ չեղան՝ հակառակ մյուս ուժայինների: Միաժամանակ Իոանիսյանը ԱԱԾ-ի ղեկավար Արթուր Վանեցյանին, ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանին, Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին, ՀՔԾ-ի ղեկավար Սասուն Խաչատրյանին, Դատախազության, Քննչական կոմիտեի ղեկավարներին անվանել է «ինչ-որ առումով կոռուպցիոն համակարգի մաս»՝ շեշտելով. «ՊՎԾ–ն օրինականության վերահսկման ֆունկցիաներ ունեցող միակ մարմինն է, որը ղեկավարվել է մի անձի կողմից, որը տարիներ շարունակ՝ առնվազն 2007թվականից սկսած, փողոցում պայքարել է կոռուպցիայի դեմ, իր կյանքի մի հատված նվիրել է կոռուպցիայի դեմ պայքարին»:

Ապրիլի 20-ին էլ 1in.am-ը հրապարակել է Վարուժան Ավետիսյանի հարցազրույցն, ուր  «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգողը հայտարաել է, թե Դավիթ Սանասարյանը թիրախ է, որովհետև չի ենթարվում համակարգին ու դիմադրում է:

Այսպիսով՝ հետզհետե հայ հանրությունն ակնատես է դառնում իշխանական համակարգում երկփեղկվածության ի հայտ գալուն, ինչը, փաստորեն, այդ համակարգի՝ ի սկզբանե ամենևին էլ ոչ միաձույլ լինելու մասին է խոսում: Դատելով ամենայնից՝ «ձնագնդին» ժամանակի հետ միայն մեծանալու հակումներ է դրսևորում, ինչը նշնակում է, որ իշխանական համակարգի ներսում իրական ճեղքի վտանգ է  առաջ գալիս, որն իսկական գլխացավանք կարող է դառնալ հատկապես Նիկոլ Փաշինյանի համար, ով իսկապես հայտնվել է բավական աննախանձելի վիճակում, երբ վարչապետի վերահսկողության տակ գտնվող պետական մարմինները փաստացի հայտնվել են բարիկադների հակառակ կողմում: Ընդ որում՝ ուշագրավն այստեղ այն է, որ Սանասարյանը, փաստորեն, կտրականապես հերքում է իր մեղավորությունն, ինչպես նաև բաց տեքստով հայտարարում, որ իր դեմ գործ է «սարքվել»՝ դրանով հարվածի տկ դնելով առաջին հերթին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին, ով, եթե չհաջողվի լիարժեքորեն ապացուցել Սանսարյանի մեղավորությունն ու նրան պատասխանատվության ենթարկվել, կարող է հատնվել հուժկու հարվածի տակ այն դեպքում,երբ հանդիսանում է ամենաժողովրդական պետական պաշտոնյան՝ Նիկոլ Փաշինյանից հետո:

Մյուս կողմից՝ Սանասարյանի մեղավորության հաստատման դեպքում նույն Փաշինյանը կարող է խնդիրներ ունենալ պրոարևմտյան թևի հետ, որի ներկայացուցիչները բավական լուրջ ներկայություն ունեն հենց «Իմ Քայլ»-ում և ովքեր, անկասկած, «ձեռքերը ծալած» չեն նստելու, եթե հանկարծ «ձնագնդին մեծացավ» և չեն համակերպվելու Սանասարյանին բանտ ուղարելու մտքի հետ՝ գործի դնելով ձեռքի տակ եղած ողջ ռեսուրսը:

Տվյալ իրավիճակում Փաշինյանի ելքը կարող է լինել միայն մեկը՝ օրենքի տառի պահպանումն ու բացառապես դրանով շարժվելը, քանի որ նախ ՝ դա է ենթադրում իրավական պետության կառուցումն, ապա՝  այդպես վարվելը ձեռնտու է նաև քաղաքական տեսակետից, քանի որ դրանով Փաշինյանը կկարողանա առավելագույն չեզոքություն պահպանել ստեղծված իրավիճակում՝ հնարավորինս քիչ վնասներով անախորժ իրավիճակից դուրս գալու համար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.