Փաշինյանն ընդունեց մարտահրավերը. «ախպերության» վախճանը

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է   Դավիթ Սանասարյանի շուրջ ընթացող պրոցեսներին, ինչպես նաև արձագանքել տարբեր կողմերից հնչող կարծիքներին՝ վերաբերող Սանսարյանի մեղավոր կամ անմեղ լինելու հանգամանքին:

Վարչապետը, մասնավորապես, գրել է. ««Ախպերական» մտածելակերպը շատ ավելի խորն արմատներ ունի Հայաստանում, քան օլիգարխիան ու կրիմինալը։ Դավիթն իմ ընկերն է նույնպես, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան։ Ընդդիմադիր լինի, թե՝ իշխանավոր, հեղափոխական լինի, թե՝ հակահեղափոխական։

Օրենքը կրկնակի խիստ է լինելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կանգնել են ժողովրդի առաջ ու խոսել օրինականությունից ու արդարությունից, բեսպրեդելի ու հովանավորչության անթույլատրելիությունից։

Ու եթե անցել են իրենց գծած գիծը, նրանց մեղադրանքը միայն քրեական օրենսգրքով չի լինելու, նրանց մեղադրանքը լինելու է ժողովրդին դավաճանելու տրամաբանությամբ։

Սա ասում եմ՝ առանց որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու: Թողե՛ք նորմալ քննություն ընթանա։ Եթե դուք չթողնեք, ես դա կապահովեմ օրենքով ինձ տրված լիազորությունների շրջանակներում»։

Ի դեպ՝ Փաշինյանին գրեթե զուգահեռ ֆեյսբուքյան գրառմամբ է հանդես եկել նաև Դավիթ Սանսարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը՝ համոզմունք հայտնելով, որ Դավիթ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է. նրա դեմ գործ են սարքել և կարում են այդ գործը՝ օգտագործելով հին մեթոդները:

Այսպիսով ներիշխանական ճեղքն ակնհայտորեն խորանում է՝ ձեռք բերելով էլ ավելի մուգ երանգներ:

Մի կողմից՝ Սանսարյանին սատարողների մի բանակ է ձևավորվում, որը համոզված է՝ այս ամենը շինծու է, մյուս կողմից՝ Փաշինյանն է այլևս սկսել «հաթաթա» տալ բոլոր նրանց, ովքեր որոշել են ժամանակից շուտ ենթադրություններ անել, դատավճիռ կայացնել:

Փաշինյանի խոսքից տպավորություն է, որ վարչապետն ամենայն մանրամասնությամբ տիրապետում է  Սանասրյանի գործին առնչվող նույնիսկ ամենաաննշան թվացող մանրուքներին և ավելի քան համոզված է ԱԱԾ-ի  գործողությունների ճշմարտացիության մեջ, ինչը, թերևս, ազդակ է՝ Վանեցյանին առ այն, որ վարչապետն ԱԱԾ տնօրենի կողքին է ու չի կասկածում: Ավելին՝ Փաշինյանը  իր թիմակցիներին փաստացի նախազգուշացնում է չտրվել գայթակղություններին ու վերջապես դուրս գալ «ախպերական» մտածելակերպի կաղապարներից՝ այդ չանելը համարելով ձեռնոց՝ նետված հեղափոխությանը: Այսպիսով՝ Փաշինյանն, ըստ էության, ընդլայնում է պատասխանատվության շրջանակն ու հայտարարում, որ կոռուպցիոն ցանկացած դրսևորման պարագայում պատասխանատվության են ենթարկվելու բոլորն՝անկախ իր հետ ունեցած անձնական կապերի խորությունից, հեղափոխական լինել-չլինելուց և այլն:

Այս առումով պետք է արձանագրել, որ վարչապետը փորձում է հավատարիմ մնալ օրենքի տառին ու իրավիճակը հանգուցալուծել դրան համապատասխան կերպով, ինչն, անկասկած, ողջունելի է ու ողջամիտ:

Մյուս կողմից, իհարկե, առաջ է գալու Սանասայանի անմեղության մեջ չկասկածող կամ գոնե նրան այդպես ներկայացնել փորձող շրջանակների հետ հնարավոր բախման խնդիրը, և հարցն այստեղ այն է, թե որքա՞ն լայն կլինի այն անձանց շրջանակն, ովքեր չեն թաքցնի Սանասարյանի նկատմամբ իրենց համակրանքը՝ թեկուզ Փաշինյանի հետ ընդհարվելու գնով:

Հնարավո՞ր է Սանասարյանի շուրջ ընթացող զարգացումները հիմք դնեն ներիշխանական մեծ «չիստկայի»: Կարծես թե վարչապետը դեմ չէ դրան՝ չնայած, անշուշտ, շատ լավ պատկերացնում է  դրա ռիսկայնության աստիճանը:

Բոլոր դեպքերում պետք է արձանագրել, որ Փաշինյանն իր հայտարարություններն ու գործողությունները բխեցնում է բացառապես հակակոռուպցիոն պայքարի տրմաբանությունից, հեղափոխական արժեքների պաշտպանության դիրքերից և չի պատրաստվում առաջնորդվել հին մեթոդներով. վարչապետին մոտ կանգնած լինելը նախևառաջ պատասխանատվության գերբարձր աստիճան է ենթադում, այլ ոչ թե հակառակը, և սա պետք է  ֆիքսեն բոլորը:

Մեկնաբանություններ
Լրահոս