ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի հաջողության պատմությունը

Կոտրած ատամի, ցուրտ դասասենյակի ու դասղեկի մասին 


ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը Aravot.am-ի հետ զրույցում դրվագներ հիշեց իր մանկությունից: Նրա ձեւակերպմամբ, անգամ մութ ու ցուրտ տարիներին ծնողները ոչինչ չէին խնայում իրենց կրթության վրա, ինքն էլ բավականին ընթերցասեր էր: Հիշում է, որ հաճախ մոմի լույսի տակ էր կարդում: «Հայրս մեծ էլեմենտներով մի լապտեր ուներ, որը նույնպես օգտագործում էի, իրենցից թաքուն վերմակի տակ կարդում էի: Սեփական տանն էինք ապրում, շատ ժամանակ չէի ունենում դուրս գալու, երեխաների հետ շփվելու համար, համարյա փողոց դուրս չէի գալիս: Մի անգամ միայն դուրս եկա փողոց խաղալու, վայր ընկա ու դիմացի ատամս կոտրեցի: Մինչեւ հիմա ծնողներս հումորով դա հիշում են: Ընդհանրապես գունեղ, լուսավոր մանկություն եմ ունեցել, թեեւ փողոցային խաղերի համար ժամանակ չունեի»,-հիշում է մեր զրուցակիցը: 

Նա չի մոռացել դպրոցական տարիների ցուրտ դասարանները ու ջերմ դասղեկ Ռիտա Արսենյանին, որը կարեւոր դերակատարություն է ունեցել՝ որպես անհատականության իր կայացման գործում: Հիշում է, թե ինչպես էր ամեն օր աշակերտներից յուրաքանչյուրը փայտ տանում դպրոց, որ վառեն ու դասարանում տաքություն եւ նվազագույն հարմարավետություն լինի: Հիշում է 1998-ին իրենց դասարանի արցախյան ուղեւորությունը՝ դասղեկի նախաձեռնությամբ: Նաեւ հպարտությամբ նշում է, որ այսօր էլ հիանալի հարաբերություններ ունի դասընկերների հետ: 

«Ճակատագրապաշտ չեմ, բայց հավատում եմ ճակատագրին» 


«Ես չեմ կարող կեղծել ու ասել, որ իմ ուսանողական տարիներին ամեն ինչ հեշտ է եղել, մանավանդ սովորական ընտանիքի երեխա էի: 1997-98 թթ. բոլորը կրկնուսույցների մոտ էին պարապում, սակայն ես դժվարություններ ունեի այդ առումով: Բայց իմ դասղեկը շատ էր վստահում իմ գիտելիքներին, ասում էր, որ կարող եմ ընդունվել: 1998թ, երբ ավարտում էի դպրոցս, շատ էի ուզում իրավաբանական ֆակուլտետ ընդունվել: Բոլոր քննությունները կարող էի հանձնել, բայց պատմությունը պետք էր պարապել: Դրա համար որոշեցի մի տարի պարապել, հաջորդ տարին դիմել իմ երազանքների ֆակուլտետ: Մի օր շատ պատահականորեն գնացել էինք Բջնի: Այնտեղի բարեկամներից մեկի աղջիկը, որ մի քանի տարի շարունակ կրկնուսույցների հետ պարապում էր, որ ընդունվեր, ձեռքի տակ ուներ «Դիմորդ» թերթը: Ես թերթեցի ու տեսա, որ կարող եմ հանձնել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի քննությունները՝ առանց կրկնուսույցի մոտ պարապելու»,-հիշում է Իվետա Տոնոյանը: Իսկապես հանձնում է քննությունները եւ ընդունվում՝ հույսով, որ տարբերությունները հանձնելուց հետո կտեղափոխվի իրավաբանական ֆակուլտետ: Սակայն «Նոյյան տապանում», որը նաեւ հեռուստատեսային տարբերակ ուներ, պրակտիկայից հետո սիրահարվում է հեռուստատեսությանը: 

«Մեր խմբագիրներից Արթուր Ազարյանն էր ասում, որ հեռուստատեսությունը քաղցր ճահիճ է, եթե մեկ անգամ մտնում ես, հետո ամբողջ կյանքում չես ուզում դուրս գալ»,-ասում է ԱԺ պատգամավորը, որը ուսանողական տարիներին փորձում է մասնագիտորեն կատարելագործվել հնարավոր բոլոր հարթակներում: «Չեմ պատկերացնում, որ որեւէ այլ մասնագիտություն ստանալու դեպքում իմ կյանքը կդասավորվեր այնպես, ինչպես հիմա է դասավորվել: Ես ճակատագրապաշտ չեմ, բայց հավատում եմ ճակատագրին: Մասնագիտության ընտրության փոքրիկ դրվագը, որ կարող էր լինել կամ չլինել, պայմանավորել է հետագա քայլերիս հաջորդականությունը, որոշումները, որոնց համար ինքս եմ պատասխանատու եղել, այդ ամենը ամբողջական շղթայի բաղկացուցիչն է, որոնց հանրագումարը եկել-հանգեցրել է այն Իվետա Տոնոյանին, որը կա այսօր»,-վստահ է մեր զրուցակիցը...

Ավելին՝ Aravot.am 


Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.