Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում ունեցել է երկկողմ հանդիպումներ

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 49-րդ լիագումար նստաշրջանին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ մեկնած Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 19-ին հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար, նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ն տարիների ընթացքում արդյունավետ հարթակ է հանդիսացել անդամ պետությունների խորհրդարանների երկխոսության համար:

Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունների մակարդակը, ինչը հավաստվում է հաճախակի տեղի ունեցող բարձր մակարդակի շփումներով եւ այցերով:

Ըստ Արարատ Միրզոյանի՝ հայ-ռուսական հարաբերությունների կարեւոր մաս է կազմում խորհրդարանական ձեւաչափը: Այս առումով օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ արդեն ձեւավորված հայ-ռուսական խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը լավ հարթակ կհանդիսանա երկու պետությունների խորհրդարանականների ակտիվ աշխատանքի համար:

Ողջունելով Արարատ Միրզոյանին ԱՊՀ ՄԽՎ ձեւաչափում՝ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն եւս մեկ անգամ կարեւորել է Հայաստանում իշխանափոխության իրականացումն առանց բռնության եւ ժողովրդավարական գործընթացների միջոցով, վերահաստատել Ռուսաստանի Դաշնության հանձնառությունն աջակցելու եւ զարգացնելու Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները:

Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերություններին՝ Վալենտինա Մատվիենկոն գոհունակությամբ նշել է, որ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովների շփումներն ու աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են:

Տիկին Մատվիենկոն նաեւ կոչ է արել նախագահ Միրզոյանին եւ ԱՊՀ ՄԽՎ-ում հայկական պատվիրակությանն ակտիվորեն օգտագործել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ձեւաչափը՝ օրենսդրական բարեփոխումների եւ երկկողմանի համագործակցության խորացման համար:

Նույն օրը Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւայի հետ:

Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է տիկին Նազարբաեւային Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ եւ հաջողություն մաղթել պատասխանատու պետական գործունեության իրականացման գործում: Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով կկարողանան նոր լիցք հաղորդել հայ-ղազախական միջխորհրդարանական համագործակցությանը՝ ի շահ երկու պետությունների եւ բարեկամ ժողովուրդների:

Ազգային ժողովի նախագահը, անդրադառնալով հայ-ղազախական տնտեսական հարաբերությունների մակարդակին, նշել է, որ երկկողմ ապրանքաշրջանառության աճի դրական դինամիկա է առկա, որի ծավալն անցած 2018 թվականին ավելացել է 2.5 անգամ՝ 2017 թվականի համեմատ: Նա միաժամանակ նշել է, որ առեւտրատնտեսական հարաբերությունների ներուժը շատ ավելի մեծ է եւ անհրաժեշտ է աշխատել դրա լիարժեք օգտագործման ուղղությամբ: Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Եվրասիական տնտեսական միության կարեւոր դերը, որը կարող է դառնալ տնտեսական հարաբերությունների հետագա համակարգման արդյունավետ կառուցակարգ:

 

Խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ միջխորհրդարանական կապերի դինամիկ զարգացումը եւս բարենպաստ հիմք կստեղծի Հայաստանի եւ Ղազախստանի բազմակողմանի համագործակցության համար: Արարատ Միրզոյանը գործընկերոջը տեղեկացրել է, որ 7-րդ գումարման Ազգային ժողովում արդեն ձեւավորվել է Ղազախստանի խորհրդարանի հետ բարեկամական խումբը, որտեղ ներկայացված են խորհրդարանական բոլոր խմբակցությունները:

Դարիգա Նազարբաեւան, շնորհավորելով Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, նշել է, որ հայ-ղազախական հարաբերություններին բնորոշ է դարավոր բարեկամությունը եւ արդյունավետ համագործակցությունը:

Սենատի նախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ Ղազախստանում հայկական համայնքն ակտիվորեն եւ հաջողությամբ ներգրավված է երկրի տնտեսական, մշակութային ու հանրային կյանքի տարբեր բնագավառներում:

Արձանագրելով Հայաստանի գրանցած հաջողությունները բարձր տեխնոլոգիաների զարգացման եւ կիրառության ոլորտում՝ Դարիգա Նազարբաեւան առաջարկել է ակտիվացնել համագործակցությունն այս ոլորտում եւ կոնկրետ գործողություններ ձեռնարկել ղազախ գործընկերների հետ հայկական փորձի փոխանակման համար:

Տիկին Նազարբաեւան նաեւ ներկայացրել է, որ իր երկրում ներկայումս իշխանության անցումային պատմական ժամանակաշրջան է, ինչպես նաեւ հույս է հայտնել, որ այս տարվա հունիսին իր երկրում նախատեսված ընտրությունները կլինեն ժողովրդավարական, ազատ, անկախ եւ թափանցիկ:

Արարատ Միրզոյանն իր հերթին վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը խորացնելու համագործակցությունը ղազախ գործընկերների հետ, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտի փորձի փոխանակման ուղղությամբ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.