Նազարբաևը կունենա նոր տիտղոս՝ ԵԱՏՄ պատվավոր նախագահ

Ազատության փոխանցմամբ՝ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին ամենայն հավանականությամբ կունենա նոր տիտղոս՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պատվավոր նախագահ, վկայակոչելով իր աղբյուրները՝ գրել է «Կոմերսանտ»-ը։

Հարցը քննարկվելու է ապրիլի 29-ին և 30-ին Երևանում՝ Եվրասիական միության անդամ երկրների վարչապետների հավաքին, իսկ տիտղոսը Նուրսուլթան Նազարբաևը կստանա մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում, որտեղ տեղի է ունենալու Եվրասիական միության հոբելյանական գագաթնաժողովը։

Մայիսին լրանում է հետխորհրդային այս միության ստեղծման 5-րդ տարին։

Թե ում նախաձեռնությունն է՝ Նազարբաևին շնորհել այս տիտղոսը, «Կոմերսանտ»-ը չի գրում։ Թերթը նշում է միայն, որ Եվրասիական միության գաղափարը Նազարբաևինն է. նա է առաջին անգամ դեռևս 1994 թվականին Մոսկվայի Միջազգային հարաբերությունների համալսարանում խոսել այս մասին, նշելով՝ խոսքը Խորհրդային Միության վերակենդանացման մասին չէ։

Թե ինչ լիազորություններ է ունենալու Նազարբաևը որպես պատվավոր նախագահ, հայտնի չէ, նման պաշտոն այսօր գոյություն չունի։ Այն ստեղծում են հատուկ Նազարբաևի համար։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.