Սահմանադրական կարգի տապալմանը վերաբերող նոր օրենքը ոչ մի կերպ խստացնող չէ. Դավթյան

Մեր մեկնաբանությամբ՝ սահմանադրական կարգի տապալմանը վերաբերող նոր օրենքը ոչ մի կերպ խստացնող չէ: Բացի այդ, «7-ի գործով» անհիմն կամ անօրինական դիտարկելու վերանայման հնարավոր դատավարական ժամկետներն անցել են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հայտարարում է, որ դատախազները 2009 թ. որոշում են կայացրել այն ժամանակ գործող 300 հոդվածով քրեական հետապնդում չիրականացնել 7 անձանց նկատմամբ այն պատճառաբանությամբ, որ 2009 թ. կատարված օրենսդրական փոփոխության արդյունքում հոդվածը՝ սահմանադրական կարգի տապալումը, դիտարկվել է որպես պատասխանատվությունը խստացնող օրենք: 

Պաշտպանական թիմը նշում է, որ եթե նման մեկնաբանությունն է տրվում, ապա պետք է այսօր վերաբացվի նաև «7-ի գործը»:

Ի պատասխան այս հայտարարության՝ գլխավոր դատախազը նշեց. «Բացարձակ այդ որոշման մեջ չկա որևէ մեկնաբանություն, իսկ կոնկրետ իրադրությունում որևէ նորմ՝ խստացնող է, թե մեղմացնող է, օրենքում կա դրա սահմանումները՝ որ օրենքն է համարվում խստացնող, որ օրենքն է համարվում մեղմացնող: Ի թիվս դրանց՝ օրինակ, պատժի խստացումն է կամ օբյեկտիվ կողմից նոր արարքների, նոր գործողությունների հավելումն է: Մեր մեկնաբանությամբ նոր օրենքը ոչ մի կերպ խստացնող օրենք չէ:

Այստեղ խնդիր է առաջանում, թե դրանից 9 տարի հետո դատախազները նույն մեկնաբանությունը շարունակելու են, թե չեն շարունակելու: Չկա որևէ բացատրություն, մեկնաբանություն՝ ինչու է դա դիտարկվել խստացնող: Երկրորդ՝ իրավական մեկնաբանությունն այնպիսի աքսիոմա չէ, որ երբեք փոփոխական չէ»,- ասաց Արթուր Դավթյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ անհիմն կամ անօրինական քրեական հետապնդում չիրականացնելու որոշումները կարող են վերանայվել բացառապես գլխավոր դատախազի կողմից, բացառապես 6-ամսյա ժամկետում, իսկ «7-ի գործից» անցել է 9 տարի:

«Չեմ կարծում, որ իմ գործընկերն օրենսդրությանը չեն տիրապետում և չգիտեն այս մասին: Հետևաբար, զուտ մեկնաբանությամբ պայմանավորված՝ այս կամ այն որոշման անհիմն կամ անօրինական դիտարկելու վերանայման հնարավոր դատավարական ժամկետներն անցել են»,- նշեց դատախազը:

Ինչ վերաբերում է «Մարտի 1-ի» գործով դատապարտված անձանց գործերը վերանայելու հարցին, Արթուր Դավթյանը հայտնեց, որ այդ գործընթացն արդեն սկսել է:

«Մենք արդեն ունենք քրեական գործեր, որոնցով ինքներս ենք դիմել Վճռաբեկ դատարանին դրանց վերանայման համար: Օրինակ, Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ քրեական գործով հենց ես եմ վճռաբեկ բողոք բերել, դրանով արդեն արդյունք ունենք, Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունելու որոշում է կայացրել: Եվս մեկ քրեական գործով մենք բերել ենք բողոք, այդ գործընթացը շարունակական է լինելու»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս դատապարտվել էր «Մարտի 1-ի» իրադարձություններից հետո: Հարցին, թե հնարավո՞ր է, որ վարչապետի գործը նաև վերանայվի, գլխավոր դատախազը պատասխանեց. «Նախկինում կայացված դատական ակտերում առկա փաստական տվյալները համադրվում են նոր տվյալների հետ և երբ որ օրենքի տառին համապատասխան նոր երևան եկած հանգամանքներով վարույթներ իրականացնելու անհրաժեշտություն տեսնենք, անկախ նրանից՝ ով է նա, կիրականացվի»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.