Երջանիկ եմ, որ Արցախը տեսնում եմ լիովին վերափոխված. ամերիկահայ բարերար

ԱՀ նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին ընդունել է «Հայաստան» համահայկական և «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչներին, որոնց շարքում էր ամերիկահայ բժիշկ, բարերար Քերոլայն Նաջարյանը:

Հանդիպման ընթացքում Նախագահ Սահակյանն Արցախին ցուցաբերած մշտական աջակցության  և հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Քերոլայն Նաջարյանին է հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ:
 
Հանդիպումից  հետո   Բակո  Սահակյանի գլխավորությամբ  մասնակիցները  եղել են Ստեփանակերտի   Վերածննդի  հրապարակում  և  Ազատամարտիկների   պուրակում:
 
«Արցախպրես»-ի  թղթակցի   հետ  զրույցում   Քերոլայն  Նաջարյանն  ասել է, որ,  այցելելով  Արցախ,   ինքը  չգիտեր,    թե  ինչ  կտեսնի, քանի որ  արդեն  12  տարի  է, ինչ  չի  եղել  Արցախում:
«Սկսած 1992  թվականից՝     20  տարի   շարունակ՝    տարին 3-4  անգամ,     գալիս  էինք   Արցախ: Բախտավոր  ու  երջանիկ  եմ, որ  Արցախը   տեսնում  եմ  լիովին  վերափոխված: Տեսնում  եմ  ուրախ  ու  երջանիկ  մարդկանց, ովքեր   շատ  հանգիստ   քայլում  են   փողոցներով: Մեր  այս  այցի ընթացքում   եղել  ենք   Ստեփանակակերտի  «Արփեն»     մոր  և  մանկան  պահպանման  կենտրոնում, ինչպես  նաև  «Հանգանակ»  հասարակական  կազմակերպությունում:  Հանդիպել  եմ  իմ  հին  ընկերներին, որոնց  արդեն  14  տարի է,  չեմ  տեսել: Կուզենայի   նշել, որ    ես  ընդգրկված  եմ  «Թուֆենկյան» բարեգործական  հիմնադրամի     հոգաբարձուների  խորհրդի  մեջ  և   իմ   աշխատանքներն այսուհետ   կշարունակեմ  իրականացնել նաև նրանց  հետ»,-ավելացրել  է  Ք.  Նաջարյանը: 
 
Անդրադառնալով  իրականացվող   ծրագրերին՝  մեր զրուցակիցը  տեղեկացրել   է  նաև, որ    իրենք  հատկապես  աշխատանքներ  են   տանում  Քաշաթաղի  հյուսիսային  և  հարավային  ուղղություններում: Ցանկանում են  բարելավել  Արցախի  առողջապահական  ոլորտը՝  հատկապես  հղի   կանանց, երեխաների  և  հեռավոր  համայնքների  բնակիչների համար: Շարունակելու են  նաև  աշխատանքներ  իրականացնել  «Արփեն»  մոր  և  մանկան  պահպանման  կենտրոնում, որն  ինքը    հիմնել  է  1995  թվականին: Կենտրոնը   անվանել  է  իր   մոր՝ Արփենի  անունով:
 
Ք.  Նաջարյանը  մեծ  ցանկություն  ունի   այցելել  Ծիծեռնավանք, որն   իր  ընտանիքի    համատեղ  ուժերով   է բարեկարգել ու  վերանորոգել:
 
Իր կնոջ   հետ  Արցախ  այցելած   Ջորջ  Նաջարյանն  էլ  մեզ  հետ  զրույցում  ասել է, որ    դժվարին  տարիներ  էին, երբ    Քերոլայնը    և շատ  այլ   սփյուռքահայեր    ժամանել են   Արցախ  և   իրենց    օգնությունը  ցուցաբերել  արցախցիներին:
 
Խոսելով  Արցախից   ստացած  իր   տպավորությունների  մասին՝  Ջ.  Նաջարյանը   մասնավորապես  ասել է.«Արցախը  Հայաստանի  սիրտն  է:   Արցախցիները   կռվել  են  ռազմաճակատում, իսկ    մենք՝ սփյուռքահայերս,  մեկ  այլ   ճակատում՝  փորձելով    ֆինանսական  և նյութական  միջոցներով   օգնել    Արցախի  ժողովրդին:  Այն  նվաճողական  պատերազմ  չէր, մենք     ընդամենը  ուզում  էինք  հետ   բերել  այն,  ինչ    պատկանում  էր  մեզ: Եթե  մենք   չպատերազմեինք  մեր  ինքնության  և  այն  ամենի  համար,  ինչ   ունենք այսօր, ապա  մենք  չէինք  կարողանա   գոյատևել    և   չէինք  ունենա  մեր  հետագա  սերունդները: Շատ  կարևոր  է  պահպանել  հայի  ինքնությունը    և  հայի  կերպարը, որովհետև    ամբողջ   աշխարհում  բոլորը  գիտեն, որ  հայերը  խելացի  են  և  ունակ  անելու  բարի  գործեր   համայն  մարդկության  համար»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.