Դավիթ Տոնոյանը վստահեցրեց՝ այս զորակոչին մարզիկները կծառայեն սպորտային վաշտում

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հարցրեց, թե  երբ է վերաբացվելու բանակի կենտրոնական մարզական ակումբը։

«Հարցը շատ ավելի բազմաշերտ է, քան սպորտային տիտղոսներին նպաստելը: Դրանով մենք կարող ենք կանխել արտագաղթը և նպաստել ներգաղթին: Կան ընտանիքներ, որտեղ կան տաղանդավոր պատանի մարզիկներ և չտեսնելով, թե ինչպես կարող են իրենց երեխաները շարունակել հաջողություններ գրանցել սպորտում, ուղղակի լքում են երկիրը՝ փորձելով այլ երկրների դրոշների տակ հանդես գալ։ Կա նաև հակառակը, որ դրսում կայացած գրանցած մարզիկները չեն վերադառնում Հայաստան, քանի որ ստիպված են լինելու ծառայել սովորական վաշտում: Ես չեմ առաջարկում, որ մարզիկներն առհասարակ չծառայեն, առաջարկում եմ ծառայեն հատուկ՝ սպորտային վաշտում»,- ասաց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Բուխարեստում  տեղի ունեցած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում  Արսեն Ջուլֆալակյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նախ շնորհավորեց մարզիկ պատգամավորին  հաղթանակի կապակցությամբ՝ ցանկանալով նորանոր հաղթանակներ։

Այնուհետև անդրադառնալով հարցին՝ նախարարն ասաց, որ մարզական վաշտի վերականգնումն անհրաժեշտություն է։ Նա  նաև հիշեցրեց, որ  սպորտում  հաջողությունների հասած մարզիկները, եթե բավարարում են որոշակի չափանիշների, արդեն իսկ ազատվում են ծառայությունից՝ ստանալով տարկետման իրավունք։

Նախարարը նշեց, որ մարզիկների կողմից դիմումներ կան տարիքային շեմերն իջեցնելու վերաբերյալ, ինչը լուծվելու է սպորտային վաշտի ստեղծմամբ։ Դավիթ Տոնոյանը վստահեցրեց, որ այս տարվա ամառային զորակոչին  այն արդեն կգործի։

Արսեն Ջուլֆալակյանը նաև հետաքրքրվեց, թե արդյոք կստեղծվեն մշակութային, կրթական վաշտեր, ինչին ի պատասխան Դավիթ Տոնոյանն ասաց, որ ունեն արդի տեխնոլոգիաների (կիբեր) վաշտ, տեխնոլոգիական-գիտական վաշտ, ինչպես նաև՝ նվագախումբ, մշակութային ստորաբաժանումներ. «Չեմ կարծում, որ ավելին անելն անհրաժեշտ է»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.