«Փարիզի այրվող սիրտը». արտասահմանյան լրատվամիջոցների անդրադարձը Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհին

Tert.am-ի հաղորդմամբ` Արտասահմանյան բազմաթիվ հեղինակավոր լրատվամիջոցներ անդրադարձել են երեկ երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի մայր տաճարում բռնկված հրդեհին, որի հետևանքով տաճարը մեծապես տուժել է:

Բրիտանական The Guardian պարբերականը ցավակցություն է հայտնել Փարիզին «սարսափելի կորստի» առնչությամբ:

«Այնպիսի տպավորություն է, ասես հենց Ֆրանսիայի սիրտն ու Եվրոպայի հոգին են անսպասելիորեն և չարամտորեն պոկել»,- գրում է պարբերականը:

«Թվում էր՝ երբ փլվեց տաճարի աշտարակը, դրա հետ փլվեց նաև ամբողջ աշխարհը: Փարիզցիները լալիս էին փողոցներում: Իսկապես, ամբողջ աշխարհն էր լալիս»,- գրում է The Independent պարբերականը:

Ամերիկյան New York Times-ը նշում է, որ հրդեհն ամբողջ աշխարհի վիշտն է հարուցել: Պարբերականի հավաստմամբ՝ հազարավոր փարիզցիներ նետվել են Սենայի ափերի մոտ՝ հետևելու, թե ինչպես են կրակի լեզվակները լափում տաճարը:

«Հեռուստատեսային և մալուխային կայաններն ընդհատել են իրենց սովորական աշխատանքը՝ հեռարձակելու համար սարսափելի աղետի երկարատև և անընդհատ լուսաբանումը: Փարիզցիների համար տաճարն իրենց քաղաքի պատմության մեծագույն խորհրդանիշն է: Փարիզի Աստվածամոր տաճարն ամբողջ աշխարհին է պատկանում, և այժմ դրա մեծագույն գանձերից մեկն անասելի վնաս է կրել»,- գրում է New York Post-ը:

Բրիտանական Evening Standard օրաթերթն անդրադառնում է խիզախ հրշեջներին, որոնք փորձել են փրկել թանկ մասունքները, մինչդեռ մյուսները «դժոխքի դեմ պայքարում էին դրսից»:

«Չնայած հարյուրավոր հրշեջների ջանքերին՝ հրդեհը ժամեր է տևել: Հրշեջներն ամբողջ գիշեր անընդմեջ աշխատել են, և արդյունքում նրանց հաջողվել է փրկել տաճարի հիմնական կառույցը», գրում է USA Today-ը: 

Բրիտանական Daily Mail պարբերականը հաղորդում է, որ շատ ականատեսներ կասկածել են, թե արդյոք հրշեջները բավականաչափ պատրաստված են նման բարձրության կրակը մարելու համար:

Ամերիկյան Washington Post-ը գրում է, որ Աստվածամոր տաճարը «չի մահացել և կրկին վեր կխոյանա, սակայն երբեք այլևս նախկինը չի լինի»: Թերթը նաև գրում է, որ տաճարի անկումը մեծ հարված է Փարիզի և ամբողջ աշխարհի համար: 

«Ամենակարևոր հարցն այն է, թե ինչ աստիճանի է վնասվել քարե վերնաշենքը: Եթե անգամ որոշ քարե կամարներ չեն փլվել, կրաքարե ցանկացած շինություն երկար ժամանակ կրակի մեջ գտնվելուց հետո կթուլանա: Այդ քարե պատերը կարելի է փոխարինել, իսկ վիտրաժային ապակիները՝ ոչ»,- գրում է Wall Street Journal-ը:

Բրիտանական The Telegraph պարբերականը նշում է, որ Մեծ Բրիտանիան նույնպես առնչվել է նման ավերածությունների՝ հիշեցնելով Վինձորյան և Հեմփթոն-Քորթ ամրոցների, ինչպես նաև Յորքի տաճարի հրդեհը:

Հիշեցնենք, որ երեկ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով փլվել էր տաճարի աշտարակը: Դեպքի վայր էին ժամանել Ֆրանսիայի նախագահն ու վարչապետը: Հրդեհաշիջման աշխատանքներին շուրջ 400 հրշեջ է մասնակցել: Հրդեհի հետևանքով տաճարը մեծապես տուժել է: Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ հրդեհը կարող է կապված լինել տաճարում վերանորոգման աշխատանքների հետ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.