Օրենքի ուժով. հնարավորության պատուհան՝ Հայաստանի համար

Ինչպես հայտնի է, ապրիլի 10-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել էր «Լիդիան Արմենիա» ընկերության  բողոքը. ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել հօգուտ «Լիդիանի»՝ պարտավորեցնելու ՀՀ Ոստիկանությանը վերացնել ցուցարարների ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը ընկերությանը պատկանող տարածքից՝ ապահովելով «Լիդիանի» ազատ մուտքն՝ Ամուլսարի տարածք՝ հիմք ընդունելով հետևյալը. տարածքը, որտեղ տեղակայված են ակտիվիստների վագոն-տնակները, Լիդիանի սեփականությունն է, որը պետք է ազատել:

Միաժամանակ դատարանն արձանագրել է, որ հավաքների անցկացման  իրավունքի իրացումը  բացարձակ բնույթ չի կրում և չի կարող իրացվել ցանկացած վայրում, տվյալ դեպքում՝  մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքում՝ առանց  օրինական տիրապետողի  համաձայնության։  Ոստիկանությանը   հանձնարարվել է հեռացնել ներխուժած անձանց և նրանց գույքը ընկերության  տարածքից:

Դատարանի որոշումն, անկասկած, մեծ ձեռքբերում է ոչ միայն ընկերության համար, որը արդարության հասնելու համար չափազանց երկար է պայքարել ու համբերել, այլև հենց Հայաստանի շահերի տեսանկյունից, քանի որ «Լիդիան»-ի բնականոն գործունեությունը տվյալ պարագայում հսկայական տնտեսական օգուտներ է բերելու տնտեսական ճգնաժամից ոչ մի կերպ դուրս չեկող երկրին, որի կառավարության թիվ մեկ խնդիրն այսօր պետական գանձարանը փող լցնելն է:

Մինչ բուռն իրադարձություններ են տեղի ունենում  Ամուլսարի շուրջ, միջազգային հեղինակավոր վերլուծական կենտրոնները փորձում են հասկանալ, թե ինչ կարող է կատարվել այն դեպքում, եթե Ամուլսարի ծրագիրն այդպես էլ  կյանքի չկոչվի՝ օբյեկտիվ գնահատական տալով ոչ մի կեպ չհանգոցալուծվող թնջուկին։

Մասնավորապես՝ աշխարհահռչակ «The Economist Intelligence Unit» պարբերականն էր փորձել  կանխատեսել, թե ինչ կկատարվի, եթե Ամուլսարի հարցում կառավարությունը և «Լիդիան»-ը ընդհանուր հայտարարի չգան:

«Հաշվի առնելով, որ Լիդիանը, իր պնդմամբ,  հանքի  շահագործման մեջ արդեն  կատարել է ավելի  քան 350 մլն դոլարի ներդրում՝ Հայաստանի կառավարությունը գնում է մեծ  ռիսկի, քանի որ միջազգային  արբիտրաժային դատարանը կարող է նրան  ստիպել ամերիկյան  ընկերությանը վճարել խոշոր  գումար կազմող  փոխհատուցում»:

Միաժամանակ  պարբերականը վստահություն էր հայտնել, որ «Լիդիանի» հաղթանակի դեպքում փոխհատուցումը չի կարող 350 մլն դոլարից պակաս լինել։ 

Շեշտվում է նաև այն, որ Ամուլսարի վեճի վերաբերյալ միջազգային դատական գործն ի դերև կանի կառավարության հույսերը` Հայաստանի տնտեսության մեջ ներգրավելու միջազգային ուղղակի ներդրումներ:

Պարբերականի անաչառ վերլուծությունն ու դրան հետևած գնահատակնները, թերևս, լավագույնս են բնութագրում այն ռիսկերը, որոնց իրապես բախվելու է Հայաստանի Հանրապատությունն, եթե ի վերջո «Լիդիանին» թույլ չտրվի զբաղվել իր գործով՝ «հարստանալ ու հարստացնել»:

Եթե անգամ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ խնդրի չկարգավորման դեպքում Հայաստանի միջազգային իմիջը հայտնվելու է մեծագույն վտանգի տակ և ֆիքսենք բացառապես այն, որ երկիրը, փաստորեն, ստիպված է լինելու հարյուրավոր միլիոնների հասնող տուգանք վճարել, ապա դժվար չէ կանխատեսել, թե ինչ անհաղթահարելի արգելքների կարող է բախվել Հայաստանը նման ծավալի տուգանք մուծելու պարագայում. մի կողմից՝ պատերազմի իրական վտանգը, մյուս կողմից՝ տնտեսական ճգնաժամի առկայությունը հուշում են, որ երկիրը կարող է  հայտնվել իրական ճգնաժամի մեջ՝ իր ուսերին առնելով շատ ավելին, քան ֆիզկիկապես ընդունակ է տանել. 350 մլն-ին այնքան տեղ կա ծախսելու, որ էլ չասած….

Մնում է իսկապես հուսալ, որ օրեր առաջ դատարանի կողմից կայացրած որոշումը հիմք կդնի Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի տրամաբանական հանգուցալուծմանն, և քայլ առ քայլ  Հայաստանին կհաջողվի ցրել  անհեռանկարայնության այն մշուշը, որը պատել է երկրին տևական ժամանակ: Հայաստանը ոչ միայն կարող է հնարավորություն ստանալ՝ իրական նյութական օգուտներ քաղելու Ամուլսարի օրինական շահագործումից (կասկած չկա, որ երրորդ փորձաքննության արդյունքները նույնպես մաքուր են լինելու), այլև վերակերտելու սեփական իմիջը համաշխարհային բիզնես շրջանակների աչքում     ՝ ապացուցելով, որ Հայաստանում լուրջ ներդրում կատարելը ոչ թե արկածախնդրություն է, այլ բիզնես շահի տեսանկյունից իսկապես պրագմատիկ քայլ ու որոշում:   

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.