ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կասեցրել է բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ապրիլի 1-ից կասեցրել է նախարարության և ֆեդերացիայի միջև կնքված պայմանագրով ֆեդերացիայի ֆինանսավորումը՝ մինչև ֆեդերացիայի օրինական հիմքերի ապահովումը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնել է ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը.

«Հարգելի հայրենակիցներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ և լրագրողներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանի օլիմպիական կոմիտեն և սպորտի նախարարությունը վերջնականապես հաստատեցին այն իրողությունը, որ ծառայում են մեկ անձի շահերին և նրա քմահաճույքների կատարմանը:

Այսպես, ՀՀ սպորտի նախարարությունից ստանում եմ գրություն, որով ասվում է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը 01.04.2019 թվականին կասեցրել է նախարարության և ֆեդերացիայի միջև կնքված պայմանագրով ֆեդերացիայի ֆինանսավորումը՝ մինչև ֆեդերացիայի օրինական հիմքերի ապահովումը:

Բռնցքամարտի ֆեդերացիան, որպես օլիմպիական մարզաձև, ֆինանսավորվել է պետական բյուջեից: Այս տարի ևս կնքվել է համապատասխան պայմանագիր, սակայն մեկ անձի կամակատար սպորտի նախարարությունն իր ապօրինի որոշմամբ դադարեցրել է ֆինանսավորումը, այն էլ այն ժամանակ, որ բռնցքամարտն իր զարգացման լավագույն ժամանակներն է ապրում:

Նման ակնհայտ ապօրինություն և ակնհայտ ոչ իրավաչափ վարչարարություն չենք հանդուրժելու և դիմելու ենք ՀՀ վարչապետին`  ակնկալելով ինստիտուցիոնալ տեսքի բերել նախարարությանը:

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան պահանջել է տրամադրել կայացված որոշման ընդունման հիմքում ընկած վարչական վարույթի նյութերը։ Հանրությանը մշտապես տեղեկացնելու ենք իրավասու մարմինների բոլոր ապօրինությունների մասին»,- ասվում է Արթուր Գևորգյանի տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.