Հայ-ռուսական հարաբերություների քոչարյանական ջրբաժանը

Բավական հետաքրքրական արձագանքների տեղիք է տվել Փաշինյանի՝ վաղօրոք արած այն հայտարարարությունները, որոնցով երկրի վաչապետն իր գնահատականն էր տվել ռուսական մեդիա դաշտում արմատացած իր իշխանության դեմ ուղղված քարոզչությանը: Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում, ապրիլի 15-ին Փաշինյանը խոսել էր ռուսական մի շարք հեռուստաալիքների՝ Հայաստանի տարածքում հեռարձակվել-չհեռարձակվելու հնարավորության մասին՝ մի կողմից գործնականում բացառելով եթերի փակման տարբերակը, մյուս կողմից՝ հասկացնելով, որ տարակուսանք է ապրում ռուսական՝ Կրեմլին մոտ կանգնած լրատվամիջոցների կեցվածքից՝ ուղղված մի կողմից՝ Քոչարյանի փառաբանմանը, մյուս կողմից՝ ներկա իշխանությունների փնովմանը. վարչապետը հանդես էր եկել կոռեկտության կոչով:

Պետք է արձանագրել, որ թեման վերջին օրերին ակտիվորեն արծարծվողներից է: Մասնավորապես՝ օրերս ««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանն էր բարձրացրել մի շարք ռուսական հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակման հարցը` անհանգստություն հայտնելով, որ «Միր», «ОРТ» և «Росcия 1»–ի որոշ ծրագրերում քաղաքական կոչեր են հնչում:

Իրականում խնդիրը բավական խորքային է: Խնդիր կա ոչ միայն հակաիշխանական քարոզը կանխարգելելու, այլև զսպելու Քոչարյանի ուղղությամբ տարվող գովազդը՝ մի մարդու, ում հանդեպ հայ հասարակության վերաբերմունքը, մեղմ ասած, նեգատիվ է, և սա անկախ գործող իշխանությունների նկատմամբ հասարական վերաբերմունքից:

Մյուս կողմից՝ Փաշինյանը, կոռեկտության կոչ անելով, այդ կոչն ակնհայտորեն ուղղում է ոչ միայն կամ ոչ այնքան ռուսական համապատասխան հեռուստաալիքների ղեկավարներին, այլ՝ Կրեմլին՝ շատ լավ հասկանալով, թե այս ողջ պրոպագանդայի հետևում որքան է Կրեմլից իջած հրահանգավորման չափաբաժինը:

Այս ամենը խոսում է մեկ պարզ, բայց միևնույն ժամանակ ցավալի իրողության մասին. Քոչարյանը շարունակում է սեպի պես խրված մնալ ՀՀ նոր իշխանությունների ու Կրեմլյան վերնախավի միջև՝ առաջ բերելով փոխվստահության պակաս կամ առնվազը պարբերաբար փորձությունների մեջ գցելով երկկողմ հարաբերությունները:

Անշո՛ւշտ, նման սուբյեկտիվ իրավիճակը գիտակցում են նաև ՀՀ իշխանություները, որոնք չափավոր, առանց ծայրահեղ դրսևորմամբ աչքի չընկնող վարքով փորձում են պատասխանատվություն ներշնչել նաև ռուսական համապատասխան շրջանակներին՝ առավել մեծ պատասխանատվությամբ մոտենալու երկկողմ հարաբերություններին, որոնք այլևս դուրս են գտնվում վասալային ֆորմատից:



Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.