Վերադարձավ խոստումը կատարած. ինչ է ասել Արսեն Հարությունյանը ԵԱ մեկնելուց առաջ

Armsport.am-ը գրում է՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության նորընծա չեմպիոն 19-ամյա Արսեն Հարությունյանը դեռևս հունվարին է հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանին խոսք տվել, որ չեմպիոն է դառնալու:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում պատմեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:

 
«Արսենը դեռ երիտասարդական հավաքականում հանդես գալու ժամանակ ունի: Երբ մենք Ծաղկաձորում նոր էինք սկսել առաջին նախապատրաստական հավաքը, ես նպատակահարմար չէի գտնում, որ նա մասնակցեր մեծահասակների առաջնությանը: Ցանկանում էինք նրան տեսնել երիտասարդական առաջնություններում, այլ մրցաշարերում:

Դեռ հունվարին Արսենին ասում էի. «Սպասիր, եկել ես, միանգամից ուզում ես Եվրոպայի չեմպիոն դառնալ: Համբերենք, կարող ես մինչև 23 տարեկանների առաջնությանը մասնակցել, այնտեղ չեմպիոն դառնալ»: Նա պատասխանում էր. «Չէ, չեմ ուզում 23 տարեկանների առաջնություն: Ինձ ուղարկեք մեծահասակների առաջնության, գնամ չեմպիոն դառնամ, գամ»:

Տեսնելով Արսենի մտադրությունը՝ հարցրի. «Տղամարդու խո՞սք ես տալիս, որ չեմպիոն ես դառնալու»: Պատասխանեց՝ այո: Այդպես մենք տղամարդու պես պայմանավորվեցինք, որ Արսենը պետք է չեմպիոն դառնա, և նա կատարեց խոստումը:

Երբ առաջնությունում Արսենը հասավ կիսաեզրափակիչ, հարցրի՝ «Դրոշ ունե՞նք մեզ հետ: Մրցակիցը փորձառու ըմբիշ է, բայց կարող է դրոշը պետք գալ»: Այդ ժամանակ Արսենն ասաց, որ իր հետ վերցրել է: Նա պատրաստված եկել էր առաջնությանը»,- պատմեց մարզիչը և ընդգծեց, որ շարունակելու է վստահել երիտասարդ ըմբիշին:

Հիշեցնենք, որ Բուխարեստում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակչում Արսեն Հարությունյանը հաղթեց Վրաստանը ներկայացնող 27-ամյա Բեկա Լոմտաձեին: Գոտեմարտի մեկնարկային րոպեներին պարտվելով 0-8 հաշվով՝ հայ ըմբիշը կարողացավ ոչ միայն կրճատել միավորների տարբերությունը, այլև փայլուն հաղթանակի հասնել 17-11 հաշվով:

Արսենը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 14:8 հաշվով հաղթել էր ուկրաինացի Վոլոդիմիր Բուրուկովին, քառորդ եզրափակչում հաղթահարել էր թուրք Ռեջեփ Թոփալի արգելքը՝ առավելության հասնելով 5:2 հաշվով: Կիսաեզրափակչում բավականին դրամատիկ պայքարում 19-ամյա ըմբիշը 10:4 հաշվով հաղթել էր ռումինացի Նիկոլայ Օխլոպկովին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.