Նազարբաևի խորհրդավոր նամակը՝ Քոչարյանին. ի՞նչ է ակնարկում Մոսկվան

Նազարբաևը նամակ է հղել կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանին՝ տեղեկացնելով  Ղազախստանում տեղի ունեցող հայտնի ներքաղաքական փոփոխությունների և գործընթացների մասին, ընդգծելով՝  ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները: Նազարբաևը հույս է հայտնել, որ նախագահ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական կլինեն։

Քոչարյանին հղված նամակն, անկասկած, յուրահատուկ է հատկապես այն պատճառով, որ այն գրված է Նազարբաևի կողմից, այլ ոչ թե, ինչպես սովորաբար է լինում, նույն Պուտինի:

Մի յուրահատկություն էլ ունի այդ նամակը՝ ժամանակահատվածը, որի ընթացքում այն հղվում է. Մոսկվայում Մնացականյան-Լավրով-Մամեդյարով հանդիպումն է ընթանում, և բոլորովին դժվար չէ հասկանալ այն կոնտեքստը, որ հաղորդում  է այս իրադարձությունը Նազարբաևի նամակին:

Նամակի բուն ասելիքը, մի կողմից, ուղղված է Քոչարյանին, մյուս կողմից, փաստորեն, կրկին Փաշինյանն է հասցեատերը: Քոչարյանին, ըստ էության, ասվում է, որ նա շարունակում է մոռացված չլինել իր ընկերների կողմից ոչ միայն Ռուաստանում, այլև ողջ ԵԱՏՄ տարածքում՝ պրոցեսներին մասնակցություն ունենալու  իրավունքով ու հեռանկարայնությամբ (այս մասին է վկայում, մասնավորապես, Նազարբաևի ուղերձի այն հատվածը, որով նա «կուրսի է պահում» Քոչարյանին իր երկրում ընթացող քաղաքական պրոցեսների վերաբերյալ), մյուս կողմից՝ Փաշինյանին հիշեցնում են, թե ով է Քոչարյանը ճիշտ այն օրերին, երբ Մոսկվայում ընթանում են կարևոր եռակողմ հանդիպումներ երեք երկրների արտգործնախարարների միջև, որոնց որակից է կախված լինելու արցախյան հարցի ճակատագիրը՝ շատ իմաստներով:

Ի՞նչ է ասում Նազարբաևն, իսկ իրականում՝ Մոսկվան  Փաշինյանին: Արդյոք կարելի՞ է արձանագրել, որ նման կերպ Մոսկվան Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների կատարումը ուղղակիորեն պայմանավորում է նույն Քոչարյանի ճակատագրով, Քոչարյանի ազատությունն այն գինն է, որը Մոսկվան պարտադիր կերպով ջանում է  կորզե՞լ Փաշինյանից ու դրա փոխարեն հավատարմություն դրսևորել Երևանի նկատմամբ, իսկ Փաշինյանի նկատմամբ էլ՝ լոյալություն, թե՞ այստեղ շատ ավելի նուրբ տրամաբանություն է գործում, երբ Բաքվի ու Երևանի միջև դե ֆակտո հավասարության նշան դնելը Մոսկվան պատճառաբանում է Քոչարյանի նկատմամբ իրականացվող արդարադատությամբ: Գուցե Կրեմլը Քոչարյանին, պարզապես, օգնո՞ւմ է  դառնալ հիմնական ընդդիմադիր բևեռ՝ Փաշինյանի այլընտրանքն՝ երազելով ապագայում հենց նրան տեսնել վերջինիս տեղում:

Ամեն դեպքում հարցերի շրջանակը, որոնք առաջ են գալիս՝ Նազարբաևի նամակով պայմանավորված, բավական հետաքրքրական են, որոնց պատասխանները, սակայն, միանշանակ չեն. ամեն ինչ չափից դուրս խճճված է:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.