Ֆինանսական խնդիրների դեպքում պետությունը կօժանդակի թե՛ «Սպայկային», թե՛ մյուս բոլոր ընկերություններին․ Գեղամ Գևորգյան

Մենք բոլոր արտահանողների հետ աշխատում ենք՝ թե՛ հիմա, թե՛ սրանից առաջ, թե՛ ապագայում, ավելին՝ շարունակելու ենք բոլորի՝ արտահանողների ու վերամշակողների հետ աշխատել։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյան՝ անդրադառնալով «Սպայկա» ընկերության խնդիրներին ու նրանց աջակցելուն։ Նա տեղյակ է, որ «Սպայկա» ընկերությունը  հայտարարել է, թե չի շարունակի արտահանում, եթե ֆինանսական խնդիրներ ունենա։

«Մենք էլ հայտարարել ենք, որ ֆինանսական խնդիրներ դեպքում մենք կօժանդակենք թե՛ «Սպայկային», թե մյուս բոլոր ընկերություններին՝ դրա համար ունենք հատուկ ծրագիր ու ֆինանսական ռեսուրսներ»,- շարունակեց նա։

Ինչ վերաբերում է «Սպայկա» ընկերության արտադրության ծավալների, որի շուրջ մամուլում բազմաթիվ թվեր էին շրջանառվում, Գևորգյանը նշեց, որ այն կազմում է արտահանվող հայկական թարմ պտուղ բանջարեղենի 20 տոկոսը․ «Սակայն սա չի նշանակում, որ «Սպայկա» ընկերությունը գյուղատնտեսության նախարարության գործընկերը չէ, սա չի նշանակում, որ մենք փնտրում ենք նոր խաղացողների՝ «Սպայկայի» փոխարեն մտնելու համար։ Մենք միշտ փնտրում են նոր խաղացողների, մենք միշտ խրախուսում ենք նոր խաղացողներ մուտքը, բայց ոչ մեկը մյուս հաշվին, այլ նրա համար, որ կարիքն ունենք»,- շարունակեց Գեղամ Գևորգյանը։

Նախարարի պարտականությունները կատարողը հավելեց, որ թեև պատրաստ են օժանդակել թե՛ «Սպայկային», թե՛ որևէ 3-րդ ընկերության, միևնույնն է, ստեղծելու են բորսա ու լոգիստիկ ընկերություններ, որպեսզի դիվերսիֆիկացնեն թե՛ շուկաները, թե՛ արտահանողներին, թե՛ տնտեսվարողներին։

 «Ճիշտ չէ, որ տնտեսությունը կախված լինի մեկ շուկայից կամ տնտեսվարողից, խոսքն այս պահին «Սպայկայի» մասին չէ»,- եզրափակեց Գևորգյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.