Թալիշի վերականգնման աշխատանքներն ավարտման փուլում են

«Թալիշի Վերածնունդ» ծրագրի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ գյուղում արդեն վերակառուցվել են 22 բնակարաններ՝ իրենց նկուղային ապաստարաններով, ևս մեկ-ի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են և պատրաստ կլինեն երկու ամսից: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի ծրագրերի համակարգող Միլենա Բաբաևան: Նրա խոսքով՝ կահավորվել է մանկապարտեզը, շուտով նաև՝ դպրոցը:

««Թալիշի Վերածնունդ» ծրագիրը, որի բացումը եղել է դեռևս 2018 թվականի մայիսին, ընդհանուր առմամբ, արժե մոտ 506 մլն դրամ: Ավերված Թալիշը վերականգնելու ուղղությամբ հիմնադրամը իրականացրել է մի շարք միջոցառումներ: Գյուղում կենսական նշանակություն ուներ ջրի խնդիրը, որը հրատապ լուծման կարիք ուներ, քանի որ ուղղակիորեն ազդում էր բնակիչների կենսակերպի վրա: «Հայաստան» համահայկական հիմնադրամը Թալիշ համայնքում կառուցում է խմելու ջրի ցանցը՝ 4․5կմ երկարությամբ։ Խմելու ջրամատակարարման համակարգի վերակառուցման արդյունքում ամբողջ բնակչությունը իրենց տներում կունենա շուրջօրյա խմելու ջուր: Հիմնադրամը Թալիշ գյուղի ենթակառուցվածքների վերականգնման ու ամբողջականացման նպատակով կառուցել է 2․2կմ երկարությամբ կոյուղու ցանց: Կառուցվում է նաև հասարակական նշանակության կենտրոն, որը կսպասարկի գյուղի բնակչության կենցաղային կարիքները։ Կենտրոնն իր մեջ կներառի համայնքային նշանակություն ունեցող կենտրոնացված ծառայություններ»,- մանրամասնել է Մ. Բաբաևան:
 
Նշենք նաև, որ այս ընթացքում վերակառուցվել են հանդիսությունների սրահը, գյուղապետարանը, որն իր մեջ ներառում է նաև բուժկետն ու ակումբը, կառուցվել է կենցաղի տուն, բարեկարգվել է հանդիսությունների սրահի և գյուղապետարանի շենքերի շրջակա տարածքը, տեղադրվել են կաթսայատան ներքին սարքավորումները, որոնցից սնվելու են գյուղապետարանը, դպրոցն ու մանկապարտեզը:
 
Ի դեպ, նախորդ տարի նշվել է, որ իրանահայ բարերար Հենրիխ Դեր-Ղուկասյանը 1 միլիոն 300 հազար ԱՄՆ դոլար կտրամադրի Մարտակերտ-Մատաղիս ճանապարհահատվածը բարեկարգելու համար: Մեր զրուցակցի խոսքով՝ կառուցվելու է Մարտակերտից Մատաղիս ճանապարհի 10.2 կմ-ը, սակայն աշխատանքները դեռևս չեն մեկնարկել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.