ՀՀԿ-ն կվերադառնա՞. մեծ տրանսֆորմացիա

Մամուլում լուրեր են տարծվել այն մասին, որ ՀՀԿ-ում վերջին շրջանում յուրատեսակ աժիոտաժ է տիրում:

Այս մասին, մասնավորապես, «Հրապարակ»-ն է գրել:

Ավելին՝ նշվում է, որ ՀՀԿ-ից հեռացածներից շատերը վերադառնում են կուսակցություն, բայց այս անգամ, ինչպես թերթն է նկատում, առանց քարտուղարուհու ու վարորդի: Նշվում է նաև, որ գրասենյակը կրկին բազմամարդ է դարձել և այլն:

Թվում էր՝ հեղափոխությունը պետք է որ իշխանազրկված քաղաքական այս ուժին ապագայի ոչ մի շանս չթողներ, բայց  շրջանառվող լուրերը, փաստորեն, վկայում են այն մասին, որ հեղափոխությունից գրեթե  մեկ տարի անց հասարակությունն ու քաղաքական դաշտը կարող է ականատես դառնալ ՀՀԿ-ի վերածննդին՝ բառիս բուն իմաստով:

Ինչպե՞ս է հեղափոխությունն ու դրա հետևանքով ձեռք բերած արտախարոհրդարանական քաղաքական ուժի կարգավիճակն անդրադարձել ՀՀԿ-ի վրա: Դատելով նույն լուրերից՝ հարկ է  արձանագրել, որ շատ իմաստներով դրական: Ավելին՝ կարծես կան ինքնամաքրման նախանշաններ:

Մեծ իմաստով ՀՀԿ-ի վերածնունդն, եթե այն իսկապես կայանա և կրի առողջ բնույթ, չի կարող վնասաբեր գնահատվել քաղաքական դաշտի շահի տեսանկյունից: Իհարկե, գոնե առայժմ անհնար է նույնիսկ երևակայել, որ ՀՀԿ-ն կարող է ինչ-որ կերպ գործող իշխանությունների նկատամբ ռևանշի հասնել, բայց միանշանակ է, որ այս ուժի առողջացումն, եթե իսկապես, նման պրոցես ընթանում է,  վնասաբեր չէ:

Մյուս կողմից ՀՀԿ-ի գրասենյակի մարդաշատությունն, անկասկած, վկայում է մեկ այլ բանի մասին ևս, որն աչքաթող անել չարժե: Ըստ էության՝ հասարակության շրջանում հետզհետե մարում է հեղափոխական էյֆորիան, որոշակի շերտեր սկսել են հիասթափություն ապրել իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումների տեմպերից՝ հաշվի առնելով այն հսկայական սպասելիքներն, արագ փոփոխությունների ակնակլիքը, որ կային հասարաության ներսում այն ժամանակ, երբ հեղափոխությունը նոր էր  հաղթանակել:

Սա նշանակում է, որ տվյալ պարագայում մտահոգվելու տեղ ունեն հենց իշխանությունները, ու եթե արագորեն քայլեր չձեռնակվեն՝ հատկապես տնտեսական հեղափոխությունը կյանքի կոչելու համար, ապա  հետևանքները կարող են անդառնալի լինել՝ անխուսափելիորեն հանգեցնելով տոտալ հիասթափության՝ որպես այլընտրանք ներկայացող քաղաքական ուժերի համար այդ հանգաանքից բխող լուսավոր հեռանկարներով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.