Մարաղայում տեղի ունեցածը համապատասխանում է ցեղասպանություն եզրույթին. ՀՀ- ում Արցախի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ

Պետք է արձանագրել, որ 1992թ.-ի ապրիլի 10-ին տեղի ունեցածը փաստացի բոլոր ապացույցներով և վկայություններով լիովին համապատասխանում է ռազմական հանցագործություն և ցեղասպանություն եզրույթներին:

Այս մասին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Մարաղայում կոտորածի 27-րդ տարելիցին նվիրված լսումների ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Աշոտ Մելյանը:

Աշոտ Մելյանն իր խոսքում ընդգծեց այն հանգամանքը, որ Մարաղայում կոտորած իրականացրած ադրբեջանական բանակի «Գուրթուլուշ» գումարտակի հրամանատար Շահին Թալիբօղլի Թաղիևը ստացել է Ադրբեջանի հերոսի կոչում: «Սա վկայում է Ադրբեջանի ղեկավարության կողմից ոչ միայն խրախուսվող, այլ նաև կանխամտածված հայաջինջ քաղաքականության մասին»,- նշեց Ա. Մելյանը:
 
Նա ընդգծեց, որ Բուդապեշտում քնած հայ սպայի դաժան սպանությունն ու հանցագործի հերոսացումը, Ապրիլյան պատերազմի ժամանակ խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացրած վայրագությունները դրա տրամաբանական շարունակությունը եղան:
 
Մելյանի խոսքերով՝ չպետք է մոռանալ, որ Արցախյան հակամարտությունը կարգավորված չէ, իսկ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայատյաց քարոզչությունը սեփական բնակչության շրջանում, զինում են իրենց բանակը և չեն հրաժարվում հարցի լուծման ուժային տարբերակից:
 
«Այսպիսի պայմաններում մենք պետք է զգոնություն պահպանենք, պատրաստ լինենք անհրաժեշտության դեպքում հակահարված տալ, որպեսզի կանխենք հետագայում նման ոճրագործությունները»,- ասաց Մելյանը:
Նա ընդգծեց նաև, որ Արցախի Հանրապետության իշխանությունները նախագահի,  ԱԺ նախագահի և ԱԳ նախարարի մակարդակով քանիցս քաղաքական գնահատական են հնչեցրել Մարաղայում տեղի ունեցած ցեղասպանության վերաբերյալ:
 
«Իշխանությունների և Հայաստանի Համահայկական հիմնադրամի ջանքերով այժմ հետզհետե բարեկարգվում է Նոր Մարաղա գյուղը, որտեղ 1995թ.-ից ապաստան են գտել Մարաղայի կոտորածից փրկված բնակչության մի մասը»,- հավելեց Ա. Մելյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.