ՀՀ-ում ցեմենտ արտադրողների շուկայական դիրքերը կամրապնդվեն. նախարար

Tert.am-ի փոխանցմամբ՝ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողում քննարկման ներկայացվեց  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը: 

Հիմնական զեկուցող Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ներկայացված նախագծերով նպատակ ունեն պաշտպանական միջոցառում կիրառել ՀՀ-ում ցեմենտ արտադրողների շուկայական դիրքերն ամրապնդելու նպատակով: 

Նախարարի խոսքով՝ Հայաստանում 2018 թվականին ցեմենտի տարեկան իրացման ծավալները կազմում են մոտ 680 հազար տոննա, որից 512 հազար տոննան արտադրվել է Հայաստանում, իսկ 168 հազար տոննան ներմուծվել է: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել են թե՛ արտադրության, և թե՛ ներմուծման ծավալները` համապատասխանաբար 53.1%-ով և 3.5 անգամ:

Ցեմենտ արտադրող տեղական ընկերություններում 2018 թվականի առաջին կիսամյակում իրականացրած արտադրական գործունեության արդյունքում արտադրանքի ձևավորված միջին ինքնարժեքը կազմել է 41-42 հազ. դրամ:

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ներկայումս ցեմենտի հիմնական ներմուծումն իրականացվում է Իրանից: Իրանում ցեմենտի տարեկան արտադրությունը կազմում է 30 մլն տոննա, որի մեծ մասն արտահանվում է: Հայաստանի սահմանին 1 տոննայի Մ-400 մակնշման իրանական ցեմենտի գինը տատանվում է 15-20 ԱՄՆ դոլարի միջակայքում, իսկ ՀՀ տարածք տեղափոխումը կազմում է մոտ 15 ԱՄՆ դոլար 1 տոննայի համար: Իրանական ցեմենտի գնի ցածր լինելը պայմանավորված է գազի էժան գնով, պետության կողմից ցեմենտի ներքին արտադրողների համար տրանսպորտային ծախսերի սուբսիդավորմամբ: 2017 թվականին, ըստ որոշ աղբյուրների, իրականացվել է 168 մլն ԱՄՆ դոլարի սուբսիդավորում:

«Այդ պատճառով ներմուծվող իրանական ցեմենտն իր դեմպինգային գներով տեղական արտադրողների համար շուկայում մրցակցային լուրջ խնդիրներ է առաջ բերում: Տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների արտադրական հնարավորություններն, ըստ նրա, բավարարում են արտադրելու մոտ 2.1-2.2 մլն տոննա ցեմենտ, ինչը կբավարարի ցեմենտի տեղական պահանջարկն ամբողջությամբ»,-ասաց նա:

Խաչատրյանի խոսքով՝ նպատակահարմար է ոչ սակագնային կարգավորումների միջոցով կանոնակարգել ներքին շուկայում ցեմենտի շրջանառությունը` սահմանելով վերջինս ծանուցվող գործունեության տեսակ և կիրառելով պետական տուրք` մոտ 22 000 դրամ, որ հավասար պայամններում գործեն ու նաև մրցակցեն:

Նախարարն ասաց, որ այս օրենքի ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով սահմանափակումներ կիրառել այնպիսի արտադրատեսակների նկատմամբ, որոնք կարելի է արտադրել մեր երկրում` խթանելով տեղական արտադրությունը, օգտագործելով եւ զարգացնելով առկա հնարավորությունները:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.