ԵՄ-ն կարող է ՀՀ-ում բարեփոխումների տեմպերն արագացնել.Եղոյան

Ապրիլի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտարարել է,որ Բուխարեստում, Ռումինիայի խորհրդարանի կողմից կազմակերպված Եվրոպայի ներկա եւ ապագա խնդիրներին վերաբերող խորհրդաժողովում մենք ներկայացրեցինք Հայաստանի եւ ԵՄ-ի զարգացման հեռանկարների մեր տեսլականը:

«Ես շեշտադրում արեցի, որ Հայաստանն արդեն սկսել է բարեփոխումները, որոնց մեծ մասը համընկնում է այն օրակարգի հետ, որը ԵՄ-ն մեզ հետ ուներ: Հայաստանը դա անում է ոչ թե ավելի խրախուսանք ստանալու համար, այլ մեր քաղաքացիների պահանջից ելնելով: Դա մեր տեսլականն է եւ ԵՄ-ն կարող է մասը լինել այդ բարեփոխումների: ԵՄ-ն բացառիկ հնարավորություն ունի այս պատմական շրջանում մասնակցել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումներին, որոնք այսպես թե այնպես տեղի են ունենալու, պարզապես ԵՄ-ն կարող է դրանք արագացնել: ԵՄ-ն իր աջակցությամբ կարող է բարեփոխումների տեմպերն արագացնել, ծավալը մեծացնել»,-ասաց Եղոյանը:

Նա ընդգծեց, որ ԵՄ-ն ունի 20 առաջարկներ կամ ուղերձներ «Արեւելյան գործընկերության» երկրներին ամենատարբեր ոլորտներին վերաբերող: «Հեղափոխությունից հետո Հայաստանը առնվազն դրանց կեսի մասով մեծ աշխատանք է կատարել: Մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում, մամուլի, խոսքի ազատության հարցերում, հավաքների ազատության հարցերում»:

Հանձնաժողովի նախագահը հիշեցրեց, որ դեռեւս դեկտեմբերին Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը հրապարակել էր մի փաստաթուղթ, որով նախատեսվում է մոտ 13 մլրդ եվրոյի ծրագիր իրականացնել Արեւելյան գործընկերության» 6 երկրներում՝ մի մասը գրանտային, մի մասը վարկային, մի մասը տեղական միջոցներով: Հայաստանի բաժինը 730 մլն եվրո է: «Այստեղ կարեւոր ծրագիր է Սիսիան-Քաջարան ավտոճանապարհի կառուցումն է, որը ներառում է մի քանի թունելներ, մի քանի կամուրջներ: Ունենք նաեւ ջրամբարների հարցը, Սեւանա լճի եւ Հրազդանի կիրճի էկոմիջավայրի մաքրման հարցը, դպրոցաշինության հարցը: 13 կետերից բաղկացած ծրագիր է ներկայացվել»,-ասաց Եղոյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.