Փաշինյանի բազմիմաստ ուղերձն՝ Եվրոպայից

Ապրիլի 11-ին Ստրասբուրգի Association parlementaire Europeenne-ում հայության հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է հետհեղափոխական Հայաստանի տնտեսական ձեռքբերումների մասին՝ հավաքվածներին տեղեկացնելով, որ առաջին եռամսյակի տվյալներով ՀՀ բյուջեի եկամտային մասը տասնմեկ միլիարդ դրամով գերակատարվել է, այս տարվա բյուջեի եկամտային մասը քառասուն միլիարդ դրամով գերակատարվելու է, ինչը նշանակում է, որ իշխանությունները ճանապարհներ են կառուցելու,  զինվորականության աշխատավարձը 10 տոկոսով հուլիսի մեկից բարձրացվելու է, իսկ սեպտեմբերի մեկից բարձրացվելու է ուսուցիչների աշխատավարձը, արդեն տասնհինգ հազար բուժաշխատողների աշխատավարձերը հունվարի 1-ից բարձրացրվել են, 82 հազար նպաստառուների և թոշակառուների նպաստները համապատասխանեցվել են նվազագույն պարենային զամբյուղին՝ միաժամանակ արձանագրելով՝ 10 ամսվա ընթացքում Հայաստանում աշխատատեղերի թիվն ավելացել է 51000-ով, ինչը աշխատաշուկայի 10 տոկոսն է:

Վարչապետը հավաքվածների հետ խոսել է նաև տնտեսական ակտիվության ցուցանիշներից ու տարակուսանք հայտնել՝ այն հայտարարությունների հետ կապված, որոնցում նշվում է, թե կառավարությունը տնտեսական ռազմավարություն չունի:

«Էդ բոլոր մարդիկ, որ խոսում են, տնտեսական ռազմավարության իրենց պատկերացումը գիտե՞ք որն է, որ կառավարությունը տարբեր բիզնեսների մեջ փայ պետք է մտնի,  զարմանում են, որ կառավարությունը չի ասում՝ էս ինձ տուր, դրա համար դիսկոմֆորտ են, վատ են զգում: Հայաստանի ավանդական բիզնեսը սովոր չէ, որ այսպես պետք է աշխատի, որովհետև մենք իրեն ասում ենք՝ եղբա՛յր, քեզանից բան չենք ուզում, գնա՛, քեզ համար աշխատի՛, հա՛րկ վճարի…Իրենք չեն հասկանում…Հայաստանի տնտեսական էլիտան շոկի մեջ է, մտածում է՝ լա՛վ, մեզանից ոչինչ չեն ուզում, միայն ասում են՝ հարկ վճարի, բա հիմա սրանք մեզ որտե՞ղ են քցում»,-ասել է Փաշինյանը:

Փաշինյանն արդարացիորեն արձանագրում է սեփական իշխանության մոտ մեկ տարվա արդյունքներն ու միաժամանակ հրավեր հղում սփյուռքահայերին՝ գալու Հայաստան ու շենացնելու սեփական երկիրը. երկրում խաղի նոր կանոններ են՝ տարբեր նախորդ ժամանակաշրջանից, երբ երկրում ներդրում կատարող գրեթե ամեն մի անհատ՝ դրսից, թե ներսից, բախվում էր սուբյեկտիվ  խոչընդոտների, «փայ տալիս» և այլն:

Միաժամանակ Փաշինյանը, յուրատեսակ հաշվետվություն ներկայացնելով եվրոպահայերի համապատասխան հատվածին, անշո՛ւշտ, փորձում է նաև լուծել որոշակի քաղաքական խնդիր՝ ամրացնել նոր իշխանությունների հեղինակությունն ու փաստացի ապացուցել, որ այն համազգային վստահությունը, որին արժանացել էր ինքը, վատնված չէ, իսկ արդյուքներն էլ ժամանակի հետ մեկտեղ միմիայն է՛լ ավելի զգալի են դառնալու:

Փաշինյանը լավ է հակսանում աշխարհասփյուռք հայության դերակատարությունը Հայաստանի հզորացման հարցում, շատ լավ է գիտակցում այն պարզ ճշմարտությունը, որ իշխանություները, վայելելով նաև դրսի հայերի համակրանքն ու վստահությունը, ոչ միայն ավելի լայն հնարավորություններ են ունենալու երկիրը դուրս բերելու տնտեսական վատ վիճակից՝ ներգրավելով հավելյալ ներդրումներ, այլև լուծելու են քաղաքական ու նույնիսկ անվտանգային հարցեր՝ է՛լ ավելի ամուր զգալով իրենց հատկապես արցախյան խնդրի կարգավորման բանակցային պրոցեսում, ունենալով համազգային լեգիտիմություն:

Անխո՛ս, վարչապետի խոսքերում կա յուրատեսակ ազդակ՝ ուղվված հայաստանյան գործարար համայնքին՝ ակտիվ լինելու, նոր էջից պետության հետ հարաբերություններ կառուցելու ու հարմարվելու այն նոր իրականությանը, որ ստեղծվել է երկրում նոր քաղաքական իրողությունների պայմաններում: Ավելին՝ Փաշինյանը փաստացի սաստոմ է գործարարներին՝ կոչ անելով ոչ թե զբաղվել սեփական փողերի պաշտպանւթյամբ՝ տարբեր կոռուպցիոն մեխանիզմներ հորինելով ու դրանք կյանքի կոչելով, այլ զարգացնել երկիրը՝ վստահ լինելով, որ իշխանություններն  են թիվ մեկ երաշխավորն արվող ներդրումների ապահովության:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.