Ի՞նչ կտա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը. պատերազմի սպասումով

Հայտնի է, թե երբ և որտեղ կհանդիպեն ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարները՝ ապրիլի 15-ին, Մոսկվայում:

Այս անգամ հանդիպմանը ներկա կգտնվի նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ԱԳ նախարար: Այս մասին  ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Ինչպես ցանկացած նմանօրինակ իրադարձության պարագայում, այս անգամ նույնպես, գլխավոր հարցն այն է, թե ի՞նչ կարելի է ակնկալել հանդիպումից: Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև պաշտոնական հանդիպումը ցույց տվեց, որ կողմերի դիրքորոշումների միջև առկա վիհը դույզն ինչ չի հաղթահարվել: Ավելին՝ այդ հանդիպումից հետո էր, որ թե՛ հայկական կողմից ու  թե՛ հակառակորդ երկրից հնչեցին բավական կոշտ ձևակերպումներով հայտարարություններ, որոնք վկայում են մեկ պարզ բանի մասին՝ նմանօրինակ մթնոլորտում ակնկալել որևիցե արդյունք, անիմաստ է, և առավելագույնն, ինչ կարելի է կորզել սպասվող հանդիպումից, ժամանակ շահելն է:

Հայ փորձագետներից ոմանք, գնահատելով ներկա իրավիճակը, մատնացույց են անում այն, որ Բաքուն շարունակում է ամբողջ թափով պատրաստվել պատերազմի. այս օրերին Ադրբեջանի զինված ուժերը հերթական զորավարժություններն են անցկացնում՝ թվով 5-րդ, որ ուղղաթիռային զորավարժություններ են, ու որին ներգրավված են հատուկ նշանակության «Mi 24 G» ուղղաթիռներ: Ուշագրավ է, որ անցյալ շաբաթ էլ ՀՕՊ զորավարժություններ էին անցկացվել:

Նմանօրինակ ծավալի և ինտենսիվության զորավարժությունները ոչ միայն ունեն ռազմական նշանակություն, այլև քաղաքական, և նպատակ են հետապնդում՝ շատ կոնկրետ ուղերձ հղելու ոչ միայն Հայաստանին, այլև, անկասկած, ողջ միջազգային հանրությանը: Արդբեջանն իրեն չափից դուրս ինքնավստահ է զգում և ասում է՝ եթե աշխարհը հրաժարվում է Հայաստանին պարտադրել ադրբեջանական կողմի պայմաններն ու հանձնվել, ապա Բաքուն, մինչև ատամները զինված լինելով, պատրաստ է  իր նպատակներին հասնել ուժի միջոցով:

Այլ հարց է, իհարկե, թե որքանո՞վ կհաջողվի Բաքվին մարսել հավանական ռազմական գործողությունների հերթական սանձազերծումը, չէ՞ որ 2016-ի ապրիլին նույնպես Ալիևն իրեն բավական վստահ էր զգում և չէր էլ կասկածում, որ Քառօրյայից հետո կանգնելու է փաստի առաջ, ականատես է դառնալու բանակցային պրոցեսում Հայաստանի դիրքերի ամրապնդմանն ու այն բանին, թե ինչպես են նույն համանախագահող երկրները խաղաղություն պարտադրում Բաքվին՝ ստիպելով հաշվետու լինել շփման գծում կրակած ամեն մի փամփուշտի համար:

Ի՞նչ շանսեր ունի Ադրբեջանը՝ մարսելու սանձազերծելիք պատերազմը:

Այս իմաստով պետք է ընդգծել հատկապես Հայաստանի քաղաքական իշխանությունների ջանքերի կարևորությունը՝ զրկելու Ադրբեջանին պատերազմելու կամ, ծայրահեղ դեպքում, այն մարսելու հնարավորությունից:

Առաջին հայացքից որոշակի հակասություն է նկատվում Փաշինյանի ու նույն Տոնոյանի հայտարարություների կամ տարվող գծի միջև: Եթե Տոնոյանը «նոր պատերարզմ՝ նոր տարածքների դիմաց» կոնցեպտն է  առաջ մղում՝ շոկ առաջացնելով Բաքվում, ապա Փաշինյանը, դրան հակառակ, պարբերաբար հանդես է գալիս Արդբեջանին ուղղված խաղաղության առաջարկներով՝ քաղաքականություն, որն իր յուրատեսակ դրսևոումն է ստացել նաև Աննա Հակոբյանի ամերիկյան այցի շրջանակներում:

Պարզից էլ պարզ է, որ նմանօրինակ հակասականությունն իրականում լավ մտածված քաղաքականության հետևանք է: Երևանը, մի կողմից, բոլորին ասում է, որ առաջինն է  հանդես գալիս ընդդեմ պատերազմի, մյուս կողմից՝ հստակ հասկացնում, որ դրա պարագայում դրսևորվելու է նվազագույն գթասրտություն, և բանը կարող է հասնել Կուր-Արաքսյան խառնարան զորք մտցնելուն. Տոնոյանի՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»-ը հենց սրա մասին է:

Կանսա՞, արդյոք, Արդբեջանը հայկական կողմի հորդորներին՝ չդիմելու անկանխատեսելի արկածախնդրության, թե՞ ոչ, թերևս, բարդ է ասել՝ հատկապես հաշվի առելով Բաքվից եկող ազդակները, սակայն միանշանակ է, որ նոր պատերազմի պարագայում կարող է կասկածի տակ հայտնվել հենց Ադրբեջանի ֆիզիկական գոյությունը՝ նկատի ունենալով հատկապես այդ երկրին բնորոշ խոցելիությունը. եթե պատերազմ էլ լինի, ապա այն չի կրելու տոտալ բնույթ, քանի որ Ալիևը չի կարող չհասկանալ, որ տոտալ պատերազմի պարագայում ինքը կարող է կանգնել կործանարար խնդիրների, լինել-չլինելու առաջ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.