Ատելության խոսքն առանձնակի վտանգավոր է.Վլադիմիր Վարդանյան

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել «Քաղաքական առաջնորդների դերն ու պատասխանատվությունը ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարում» զեկույցի շրջանակներում։

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ իր ելությում պաշտգամավորն ասել է.

«Հարգարժան տիկին Նախագահ, հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք,
ատելության վերբալ դրսևորումը՝ «ատելության խոսքը», անհանդուրժողականության, խտրականության, մարդատյացության և ռասիզմի վրա հիմնված հանցագործությունների հսկայական շարանի հիմնապատճառն է: Դրա գոյությունը վտանգում է ժողովրդավարական հասարակության կայացումը, մարդու իրավունքների պաշտպանությունը և իրավունքի գերակայության երաշխավորումը:

Ատելության խոսքն առանձնակի վտանգավոր է, երբ նախահիմք է ծառայում ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների նախապատրաստման ու իրագործման համար: Այն միտված է որոշակի թիրախավորված մարդկանց խմբերին նվաստացնելուն, խարանելուն, դեգրադացնելուն, դեմոնիզացնելուն և, որպես արդյունք, ապամարդկայնացմանը՝ պարարտ հող ստեղծելով այդ զանգվածային ոճրագործությունները կատարելու համար: Պատահական չէ, որ բոլոր ցեղասպանությունների պարագայում «ատելության խոսքը» օգտագործվել է որպես կատալիզատոր` այդ հանցանքների կատարումը խթանելու համար: Օսմանյան կայսրության կողմից իրագործած Հայոց ցեղասպանության ժամանակ յուրաքանչյուր հային «օտար» և «դավաճան» պիտակավորելը, ողջակիզման ընթացքում ծայրահեղ հակասեմիթական թերթեր հրապարակելը, Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության ընթացքում ռադիոհեռարձակումները ցեղասպան քարոզչամեքենայի հիմնասյուներն են եղել: Այսօր, երբ մենք ոգեկոչում ենք Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցը, անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Ռուանդայի միջազգային քրեական դատարանը բազմաթիվ դատավճիռներում ճանաչել է ատելության խոսքի ևցեղասպանության հրահրման միջև պատճառահետևանքային կապը: Այնուամենայնիվ, չափազանց մտահոգիչ է այն, որ նույնիսկ այսօր՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից հետո, Նյուրնբերգյան դատավարությունից ավելի քան 70 տարի անց մենք դեռ բախվում ենք հայատյացության, հակասեմիտիզմի և այլատյացության այլ դրսևորումներին Եվրոպայում:

Կարող է անհավատալի թվալ, բայց նույնիսկ այսօր Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում առկա են որոշ առաջնորդներ, քաղաքական և հասարակական  գործիչներ, որոնք իրենց ամենօրյա օրակարգում վիրավորական ձևակերպումների և խտրական պիտակների օգտագործմամբ շարունակում են տարածել ատելություն` նպատակ հետապնդելով բաժանել իրենց հասարակությունները «յուրայինների» և «այլոց», ցանկալի և անցանկալի մարդկային խմբերի: Ցավոք, ատելության խոսքը լայնորեն և անամոթաբար օգտագործվում է քաղաքականության մեջ` որպես ընտրական գործիք կեղծ թշնամու կերպարի ստեղծման և դժգոհ ընտրազանգվածին գրավելու համար:

Ատելության խոսքի աստիճանն առավել մտահոգիչ է դառնում թվային դարաշրջանում, երբ սոցիալական մեդիան կարող է աննախադեպ հետևանքների հանգեցնել:

Հետևաբար, մարդու իրավունքների պաշտպանությանը նպատակաուղղված բոլոր հասարակությունների համար հրամայական է դառնում ուժերի միավորումը՝ ընդդեմ մարդկանց մեջ առավել բացասական դրսևորումները բացահայտող այս չարիքի և հանուն ավելի լավ ապագայի:

Կոչ եմ անում Եվրախորհրդի բոլոր անդամ պետություններին և վերջիններիս խորհրդարաններին միասնական ճակատ ձևավորել՝ կանխարգելելու և դատապարտելու ատելության խոսքի բոլոր դրսևորումները, ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ և համաչափ բոլոր հնարավոր միջոցներով վերածել Եվրոպան ատելության խոսքից ազատ տարածաշրջանի:

Ուստի, եկեք սկսենք այս վեհաժողովից և օրինակ ծառայենք այլոց համար»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.