Խրամատներում չենք նստելու. ԱԺ պատգամավորը՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ» սկզբունքի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը չի կարծում, թե անհարժեշտ է խորհրդարան հրավիրել ՀՀ- և ԱՀ-ի քաղաքական և ռազմաքաղաքական ղեկավարներին, ըստ նրա` Վիեննայի հանդիպումից հետո նոր իրավիճակ չի ստեղծվել, Ադրբեջանի նախագահը տարիներ շարունակ նույն բան է հայտարարում:

Tert.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ փոխվել է մեր ամբողջ մարտավարությունը, ռազմավարությունը, ՀՀ-ն պատրաստ է դիմագրավել ցանկացած մարտահրավերի:

-Պարո´ն Կարապետյան, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է ՀՀ-ի և ԱՀ –ի քաղաքական և ռազմական ղեկավարությանը հրավիրել խորհրդարան. ըստ նրա՝ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, Փաշինյանն ու Ալիևը տրամագծորեն հակառակ բաներ են հայտարարում:

-Պարբերաբար հանդիպումներ լինում են, կարծում եմ՝ նման ֆորմատով հրավիրելու կարիք չեմ տեսնում:

-Իսկ ի՞նչ կարծիք ունեք երկու երկրների ղեկավարների հայտարարությունների հակասությունների մասին, մասնավորապես, Ալիևը հայտարարում է, որ պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է պատերազմի առաջին փուլը, իսկ բանակցությունների նպատակը «ադրբեջանական» տարածքների ազատագրումն է:

-Ադրբեջանի նախագահի հայտարարությունները պարբերաբար կրում են նաև ներքաղաքական բնույթ, ներքաղաքական խնդիրների լուծմանն են միտված, որևէ արտառոց բան չեմ տեսնում: Տարիներ շարունակ մենք ականատես ենք Ադրբեջանի նախագահի նման կարգի հայտարարություններին, նոր ստեղծված իրավիճակ ես չեմ տեսնում:

-«Սասնա Ծռերն» էլ առաջարկում են խորհրդարանական լսումներ անցկացնել Ապրիլյան պատերազմի մասով: Նրանք նշում են, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն հայկական կողմում պատերազմի մեղավորները:

-Չեմ մեկնաբանում «Սասնա Ծռերի» հայտարարությունը, ինչ վերաբերում է ապրիլյան դեպքերին, իրադարձություններին, մենք անդրադառնալու ենք, վեր ենք հանելու այն խնդիրները, որոնք կային:

- Խնդիրներ ասելով՝ նկատի ունեք նաև այն, որ հետախուզական տվյալներն անտեսվե՞լ են, ինչպես շատերը նշում են:

-Մարդ եմ, ով խոսում է փաստերով, և դա բավականին նուրբ և պատասխանատու հարց է, որ այդպիսի հայտարարություն անեմ, մինչև չունենամ փաստեր: Ես այդպիսի հայտարարություն չեմ անի:

-Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հնչեցրած «նոր պատերազմ, նոր տարածքներ» սկզբունքի մասին հայտարարությունը թեև հանրության շրջանում դրական գնահատականների արժանացավ, բայց հնչում են նաև մտահոգություններ, թե կոշտ հայտարարությունը խոսում է այն մասին, որ պատերազմ է սպասվում, ավելին` կարող ենք նաև նախահարձակ լինել: Դուք ի՞նչ տեսակետ ունեք այս հարցի վերաբերյալ:

-Ի՞նչ է, որևէ մեկի մոտ կային պատրանքներ, որ պատերազմ չի՞ լինելու, պատերազմն ավարտվե՞լ է: Կարծում եմ՝ սխալվել են: Մենք չավարտված պատերազմական իրավիճակում գտնվող երկիր ենք և ցանկացած պահի պիտի պատրաստ լինենք պատերազմի:Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, երբ ասվեց, թե տարածքներ խաղաղության դիմաց չի տրվելու, փոխվել է մեր ամբողջ մարտավարությունը, ռազմավարությունը:Կարծում եմ, որ եթե Ադրբեջանը նորից դիմի արկածախնդրության, այո´, մենք խրամատներում չենք նստելու: ՀՀ-ն պատրաստ է ցանկացած մարտահրավերի դիմագրավման:

-Պարո´ն Կարապետյան, կցանկանայի նաև Ձեր տեսակետը լսել Արցախի բանակում տեղի ունեցող իրադարձությունների մասով, ՊԲ հրամանատարի տեղակալ Սամվել Կարապետյանը հրաժարական ներկայացրեց, խոսում են այն մասին, որ մյուս տեղակալները ևս հրաժարական են ներկայացնելու: Մամուլում նշվում է, որ ճնշումները ՀՀ-ից են:

-Բանակը կենդանի մարմին է, որտեղ տեղի են ունենում փոփոխություններ, սերնդափոխություն, որևէ անձով ես չեմ ցանկանա այս պահին գործընթացները պայմանավորվել: Այս ամենը զարգացումների,փոփոխությունների տրամաբանության մեջ պետք է դիտարկել: Ես չեմ կարծում, որ Հայաստանից ճնշումներ կան, իհարկե չկան, ընդհանարապես ուժային կառույցներում տեղի են ունենում փոփոխություններ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.