Դոպինգ ստուգման ոլորտում լուրջ փոփոխություններ են կատարվել

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ դոպինգի դեմ պայքարի ոլորտում կառուցվածքային եւ կանոնների փոփոխություններ են կատարվել: Դրանք Aravot.am-ին համառոտ ներկայացրեց Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը: «Առաջին փոփոխությունն այն է, որ ստեղծվել է դոպինգի միջազգային թեստավորման նոր գործակալություն (ՄԹԳ), որը կառավարում է աշխարհում կատարվող բոլոր դոպինգ ստուգումները: Միեւնույն ժամանակ, բոլոր այն գործառույթները, որոնք կատարում էին միջազգային ֆեդերացիաները, ամբողջությամբ փոխանցվել են այս նոր կառույցին: Հիմա նա է որոշում, թե որ մարզիկներին ստուգել եւ որքան ստուգել: Մենք արդեն համագործակցում ենք այս նոր կառույցի հետ, որն, ի դեպ, ղեկավարում է Ֆրանսիայի սպորտի նախարարը: 

Երկրորդ փոփոխությամբ, ՎԱԴԱ-ում ազգային եւ տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպությունների հետ համագործակցող բաժինը վերածվել է վարչության: 

Երրորդ փոփոխությունն այն է, որ շատ մեծ ուշադրություն է դարձվում թեստավորման արդյունավետությանը: Այսինքն, բոլոր երկրներում, մեր մոտ նույնպես, վերլուծվում են մարզիկների նախորդ տարվա ցույց տրված արդյունքները եւ դրանց հիման վրա ուշադրությունը բեւեռվում է այն մարզաձեւերի վրա, որի մարզիկները լավացրել են իրենց մարզական արդյունքները: Մեր դեպքում դա հիմնականում ծանրամարտն է: Ըստ այդմ է գնահատվում բոլոր ազգային հակադոպինգային կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը: Այս տարվա առաջին եռամսյակի մեր ցուցակում ընդգրկված էր 15 ծանրորդ: Երկրորդ եռամսյակում մեր առաջնահերթությունների մեջ կլինեն այն մարզիկները, որոնք պետք է մասնակցեն Եվրոպական խաղերին: Ըստ նոր կանոնների դոպինգ ստուգումները պետք է ավարտված լինեն խաղերի մեկնարկից առնվազն երեք շաբաթ առաջ, որպեսզի լաբորատորիան հասցնի մշակել անալիզները»,-ասաց նա:

Արեգ Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ այս տարի կառավարությունը երեք անգամ ավելացրել է իրենց բյուջեն եւ իրենք լրիվ անկախություն են ստացել: «Մենք արդեն մեր աշխատանքի մասնագիտական մասով հաշվետու ենք ՎԱԴԱ-ին եւ միայն ֆինանսական մասով՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը: Այսինքն, սա այն է, ինչին ձգտում է ՎԱԴԱ-ն՝ բոլոր հակադոպինգային կազմակերպությունները լինեն անկախ»,-եզրափակեց Արեգ Հովհաննիսյանը: 


Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.