Վովա Գասպարյանի տան գործով Սիլվա Համբարձումյանին դատի են տվել

«Հետք»-ը գրել էր, որ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների գույքի ու հաշիվների վրա կալանք է դրվել, ինչպես նաև քրեական գործ է հարուցվել այն հիմքով, որ նախկին ոստիկանապետը մի քանի գործարքի արդյունքում 3 միլիոն դոլարանոց առանձնատունը ձեռք է բերել ընդամենը 200 000 դոլարով: Առանձնատան նախկին սեփականատեր Աղասի Դանիելյանը դիմել է դատարան, Վլադիմիր Գասպարյանի կնոջ մորից՝ Հեղուշ Գալստյանից, ում վաճառել է տունը, պահանջել վճարել առանձնատան գումարը՝ 900 միլիոն դրամը, որը, սակայն, չի ստացել: Եվ քանի որ Գալստյանը չէր կատարել պարտավորությունները՝ բանկը աճուրդում առանձնատունը վաճառել էր Գասպարյանի կնոջ ազգականին, որն էլ այն նվիրել էր Գասպարյանի որդուն: Աղասի Դանիելյանը փոխելով հայցի առարկան՝ դատարանից խնդրել է, որ պատասխանողներ ներգրավեն նաև նախկին ոստիկանապետն ու նրա կինը, ապա միջնորդել է, որ 900 միլիոն դրամի չափով արգելանք դրվի Գասպարյանի ընտանիքի անդամների գույքի և հաշիվների վրա, ինչը դատարանը բավարարել է, իսկ հարկադիր կատարման ծառայությունը արգելանքի տակ է առել նշված անձանց հաշիվներն ու գույքը: 

Ըստ հրապարակման՝ առանձնատան նախկին սեփականատեր Աղասի Դանիելյանը դատական հայցեր է ներկայացրել նաև առանձնատան գործարքին առնչություն ունեցած գործարարներ Սիլվա Համբարձումյանի և Ալբերտ Երիցյանի դեմ: 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Սիլվա Համբարձումյանը հերքեց իր առնչությունը ստեղծված իրավիճակին, ապա նշեց, որ այս պատմության «մեղավորը» Աղասի Դանիելյանն է, իսկ Հեղուշ Գալստյանը (Վլադիմիր Գասպարյանի կնոջ մայրը) փողը տվել, տունն առել է:

Նրա խոսքով՝ ինքը, Ալբերտ Երիցյանը և Աղասի Դանիելյանը  մտերիմներ են և միմյանց հետ որևէ խնդիր չունեն, պարզապես վերջինս չի հասկանում՝ ինչ է անում. «Ես կապ չունեմ այդ ամենի հետ, ոչ էլ իմ անունով ա եղել տունը, Աղասի Դանիելյանը թող դատի տա նրան, ում անունով եղել է տունը: Ինքը պրոստը իմ անունը նշում է, որ կարողանա հարցեր լուծի, ինքն իր ձեռքով է տունը վաճառել, ոչ ոք չի ստիպել: Ինքն է մեղավոր ու իր ոչ լիարժեք փաստաբան ունենալը: Տունը Հեղուշի անունով ինքն է արել, չպետք է աներ դա, մենք տեղյակ էլ չենք եղել, տարիներ հետո եմ իմացել: Ապրիլի 25-ին դատն է, դատը որ լսեք, կծիծաղեք, դատավորն էլ կաշառված է Աղասի Դանիելյանի կողմից»,- նշեց Համբարձումյանը: 

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ Աղասի Դանիելյանի առանձնատունն ընդամենը 200.000 դոլարով է ձեռք բերել Վլադիմիր Գասպարյանը, Համբարձումյանը միջամտեց. «Լրիվ սուտ է, այդպիսի բան չկա, գործը ընթանում է ՀՔԾ-ում, Աղասի Դանիելյանը սուտ է ասում, մարդը փողը տվել է: Աճուրդի արդյունքում բանկն է 200 000 դոլարով վաճառել, բայց թե ինչքանի՞ դիմաց է Աղասը դրել գրավ՝ չգիտեմ, քանի որ այն սկզբում գրավադրված է եղել այլ բանկում: Ճիշտը իմանալու համար սկզբից մինչև վերջ պետք է իմանալ, որ մարդիկ հասկանան՝ ինչ է իրականում տեղի ունեցել»,- պատմեց նա՝ հորդորելով ամբողջական պատկերացում կազմելու և թյուրըմբռնում չստեղծելու համար ծանոթանալ դատական գործի մանրամասներին:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.