Փաշինյանը բացահայտեց Ալիևի հետ բանակցությունների օրակարգը. ճեղքում չի լինի

Մարտի 27-ի ԱԺ արտահերթ նիստում պատասխանելով ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանի` ի՞նչ օրակարգով է վարչապետը գնում Ալիևի հետ բանակցելու հարցին` Փաշինյանը հայտարարել է, որ առնվազը սկզբնական փուլում հանդիպումներն օրակարգ պետք է չունենան:

«Պետք է լինի հարցերի լայն շրջանակ, և ինչ-որ մեզ հետարքրքում է: Մենք ուղղակի պետք է մտքեր փոխանակենք տարբեր հարցերի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ կարող եմ կանխատեսել, որ քննարկումները կլինեն նախկինում հնչած հայտարարությունների շրջանակներում, և, այո՛, այն ինչ հայտարարել եմ Ստեփանակերտում` Անվտանգության խորհրդի համատեղ նիստում, դա, ըստ էության, այն օրակարգն է, որով մենք գնում ենք բանակցությունների, քննարկումների և, ըստ էության, այն պլատֆորմն է, որի վրա հիմնվելու ենք հետագա բանակցային ողջ գործընթացում»,-մասնավորապես` հայտարարել է Փշինյանն ու հերքել այն տեսակետը, թե իբր Երևանը հանդես է գալիս բանակցային ֆորմատի փոփոխության դիրքերից, երբ խոսվում է Արցախի` բանակցություններում ներգրավելու անհրաժեշտության մասին:

Վիեննայում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումը երկու ղեկավարների միջև առաջին պաշտոնական հանդիպումն է լինելու. նախորդ բոլոր հանդիպումները կրել են ոչ պաշտոնական բնույթ և հանդիսացել են ոչ թե պաշտոնական բանակցություններ, այլ անցկացվել են մասնավոր երկխոսության ֆորմատով:

Գլխավոր հարցը, թերևս, այն է, թե ինչ կարելի է ակնկալել առաջիկա հանդիպումից`հաշվի առնելով մի կողմից` վերջին շրջանում ադրբեջանական կողմի հռետորաբանության սաստկացումը, մյուս կողմից` Երևանի առաջ քաշած նոր օրակարգն` Արցախը դարձնելու բանակցային լիարժեք կողմ, որն ինչպես հայտնի է, մերժվում է ոչ միայն Բաքվի, այլև հենց Մինսկի խմբի կողմից. վերջինիս հայտնի հայտարարությունը հենց դրա մասին է վկայում:

Փաշինյանը, փաստորեն, հայտարարում է, որ առանձնապես հագեցած օրակարգ գոյություն չունի, և կողմերը սահմանափակվելու են ընդամենը մտքերի փոխանակությամբ: Սա նշանակում է, որ ճեղքում ակնկալելը պարզ միամտություն կլինի, և առավելագույնը, որ կողմերը կարող են այժմ միմյանց համար անել, հավանական բախումը կանխելն է, խաղաղության երկարաձգումն է և ոչ ավելին. չի կատարվել որևիցե բան, որը կստիպեր ասենք Ադրբեջանին համակերպվել Արցախը սեփական կազմից դուրս տեսնելու մտքի հետ: Այս իմաստով ոչ մի տարօրինակ բան իրականում չկա, քանի որ այդ գաղափարն Ալիևի համար ինչ-որ կերպ ընդունելի դարձնելն օբյեկտիվորեն ժամանակ է պահանջելու, և միմիայն ոչ ադրբեջանանպաստ պրոցեսների կամ միջազգային ճնշման արդյունքում է, որ Բաքուն կարող է ապագայում ինչ-որ կերպ դիտարկել իր համար կործանարար դիտակվող այդ տարբերակը:

Ինչ վերաբերում էՀայաստանին, ապա այստեղ իրենց վճռական խոսքն են ասում նոր իշխանությունները, որոնք իրենց նախաձեռնողականությամբ անհարմար դրության մեջ են դրել ոչ միայն Արդբեջանին, այլև նույն Մինսկի խմբին:

Նկատենք, որ աշխարհը նույնպես առանձնակի սպասելիքներ չի կարող ունենալ Վիեննայում նախատեսվող հանդիպունից: Օրինակ` բրիտանացի հեղինակավոր վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը, անդրադառնալով առաջիկայում տեղի ունենալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը և դրա բովանդակությանը, հայտարարել է, որ հակամարտող կողմերի միջև բանակցություն հարկավոր է` թեկուզ շփման գծում տիրող իրավիճակը քննարկելու համար, և կարևոր է, որպեսզի ղեկավարները հանդիպեն ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո, որը կլինի այդ ձևաչափով նրանց առաջին հանդիպումը, քանի որ մինչ այդ Փաշինյանն ու Ալիևը հաղորդակցվել էին ոչ պաշտոնական ֆորմատներում, ինչը նման հակամարտությունների դեպքում հուսալի եղանակ չէ: «Ինչ վերաբերում է ակնկալիքներին ու խոսակցության ընդհանուր թեմային, կարծում եմ՝ այս առումով վերջնական պատկերը մեզ չի զարմացնելու, քանի որ ես լուրջ փոփոխություններ չեմ նկատում բոլոր կողմերի դիրքորոշումներում: Ակնհայտ է, որ այն փաստաթուղթը, որը ներկայումս միակ հիմքն է դրված սեղանին՝ չի բավարարում Ղարաբաղին, Հայաստանը հմտորեն խուսափում է հստակ դիրքորոշումից, իսկ Ադրբեջանի դիրքորոշումն անհասկանալի է, քանի որ Ադրբեջանը փորձում է առաջ ընթանալ ըստ իրավիճակի՝ ժամանակ առ ժամանակ փորձելով գտնել հակառակորդի վրա ճնշում գործադրելու տարատեսակ թեմաներ ու օղակներ»,-արձանագրել է բրիտանացի վերլուծաբանը:

Մնում է միայն հույս հայտնել, որ առաջիկա բանակցություններն իսկապես կնպաստեն խաղաղության ամրապնդմանն, ու թե՛ Մինսկի խումբը, թե՛ նույն Ադրբեջանը վերջապես կփորձեն վերագնահատել Մադրիդյան սկզբունքների բովանդակային կողմը, և վերջապես բոլորի համար հստակ կլինի` ինչի մասին են դրանք, կոնկրետ ինչ են ենթադրում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.