Երևանի անկեղծ առաջարկն`Եվրոպային. Արևմուտքը կհամաձայնվի՞

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 27-ին ՀՀ Ազգային ժողովում հանդիպում էր ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի հետ:

Փաշինյանը բարձր էր գնահատել Հայաստանում ժողովրդավարական ինստւտուտների զարգացման, դեմոկրատիայի ամրապնդման հարցում եվրոպական կառույցների ներդրումն ու պատրաստակամություն հայտնել` այսուհետ ևս խորացնելու թավշյա հեղափոխությամբ սկիզբ առած ժողովրդավարական պրոցեսները Հայաստանում: Փաշինյանը հատուկ ընդգծել էր մեր երկրում տեղի ունեցած պրոցեսների` դրսից հրահրված չլինելու հանգամանքը`դրանով, ըստ էության, փորձելով զրուցակցին հասկացնել, որ Հայաստանի ժողովրդավարացումը որևիցե պարագայում և որևէ մեկի կողմից չի կարող դիտարկվել որպես իր հիմքում աշխարհաքաղաքական կոնտեքստ կրող երևույթ:

Իր հերթին Լիլիան Մորի-Պասկիեն աջակցություն է հայտնել ՀՀ վարչապետին երկրում ընթացող դինամիկ պրոցեսներն է՛լ ավելի զարգացնելու պատրաստակամության, երկրում ժողովրդավարության ամրապնդմանը միտված նպատակային քաղաքականության իրակնացման հարցերում` խոստանալով Եվրոպայի համակողմանի աջակցությունը Հայաստանում ընթացող խորքային բարեփոխումների հաջող իրականացման խնդրում. Հայաստանի վարչապետին սիրով սպասում են Ստրասբուրգում, ուր Փաշինյանը լինելու է երկու շաբաթից:

ՀՀ վարչապետի հանդիպումն եվրոպացի բաձրաստիճան պաշտոնյայի հետ չափազանց կարևոր է և, անկասկած, ոչ միայն Հայաստանում ընթացող ներքին բարեփոխումների համատեքստում, այլև` աշխարհաքաղաքական հարթակում Հայաստանի դիրքերի ամրապնդման: Մի շրջանում, երբ արցախյան հակամարտության կարգավորման պրոցեսը նոր վայրիվերումներ էապրում, Երևանի համար անչափ կարևոր է միջազգային հարթակում սեփական դիրքերի ամրապնդումն ու ընկալված լինելու փաստը: Ակնհայտ է, որ այս իմաստով Երևանը շատ ավելի բարենպաստ դիրքերում է գտնվում` շահեկանորեն տարբերվելով Բաքվի սուլթանական ռեժիմից:

Անկասկած, Հայաստան-Արևմուտք օրակարգը կարող է չափազանց հագեցած լինել, սակայն խնդիրը կայանում է նրանում, որ երկկողմ գլոբալ հարաբերությունների զարգացման համար այսօր կան մի շարք օբյեկտիվ բնույթ կրող արգելքներ, որոնք Հայաստանի նոր ղեկավարությունը փորձում է սահուն կերպով հաղթահարել:

Ի՞նչ է ասում Հայաստանն իր արևմտյան գործընկերներին: Երևանն, ըստ էության, Արևմուտքին առաջարկում է, այսպես ասած, անշահախնդիր ընկերություն` հրաժարվելով աշխարհաքաղաքական իր ուղենիշները վերանայելու` Արևմուտքից մեղմորեն հնչող առաջարկներից: Այսինքն` Ռուսաստանի հետ հարաբերություններն օբյկետիվորեն չեն կարող ու չպետք է հայտնվեն հարցականի տակ, քանի որ Երևանն ունի անվտանգային գերխնդիր, որի լուծման բանալին Մոսկվայում է, և որը, փաստացի, ոչ ոք չի ցանկանում Կրեմլի ձեռքից խլել:

Այլ հարց է, թե արդյոք Աևմուտքին բավարարո՞ւմ է Երևանի այս զուսպ առաջարկը, թե՞ Ռուսաստանի աշխարհաքաղաքական գլխավոր հակառակորդների գերխնդիրը ոչ թե Հայստանում կամ այլ երկրում ժողովրդավարության ամրապնդումն է, այլ դրա միջոցով ՌԴ-ին հարված հասնցելը. մեծ քաղաքականության մեջ բարի ցանկությունները, սովորաբար, ինքնանպատակ չեն լինում:

Բոլոր դեպքերում անվիճելի է, որ եթե անգամ Արևմուտքին չհաջողվի Երևանին կտրել Մոսկվայից ու քաշել սեփական ազդեցության գոտի, Հայաստանում ժողովրդավարական արժեքների արմատավորումն ինքնին անչափ կարևոր գործոն է նույն ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար, քանի որ այդպիսով Արևմուտքի համար Հայաստանը շատ ավելի թափանցիկ ու կանխատեսելի է դառնում` համագործակցության համար դուռ բաց թողնելով:

Ստրատեգիական իմաստով Հայաստանի ժողովրդավարացումը կենսական նշանակություն ունի արևմտյան տերությունների համար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.