Միքայել Մինասյանի գործերը լավ չեն. ի՞նչ պլան է մշակվում

Ինչպես հայտնի է, Սերժ Սագսյանի փեսա Միքայել Մինասյանի (Միշիկ) գործերը վերջին շրջանում վատացել են: Ասում են` ելնելով երկրում ստեղծված իրավիճակից` նախկինների օրոք «գորշ կարդինալի» համարում ունեցող նախկին դեսպանը այժմ ստիպված է վերագնահատել սեփական ունցեվածքն ու առնվազը դրա մի մասից ազատվել. ճգնաժամ է:

Այս մասին են վկայում ինչպես «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ին պատուհասած ճակատագիրն («Պանարմենիան Մեդիա Գրուպի» հետ համագործակցող ընկերությունների բաժնետերերի կազմում մի շարք փոփոխություններ էին տեղի ունեցել. «ԱՏՎ»-ի բաժնետոմսերի 51%-ի սեփականատեր էր դարձել գործարար, հեռուստատեսային մենեջեր, ԱՄՆ-ում հեռարձակվող «Պանարմենիան թիվի» հեռուստաընկերության ղեկավար Դավիթ Ավետիսյանը, իսկ 49%-ի սեփականության իրավունքը փոխանցվել էր ամերիկյան «Panarm Inc.» ընկերությանը), այնպես էլ` «Քառյակ Մեդիա»-ի անսպասելի ծնունդը. «Արմնյուզ»-ը, «Լավ» ռադիո»-ն (Ռադիո 107fm) և «Թերթ.am»-ն անցել էին «Քառյակ Մեդիա»-ին:

Իսկ ահա «Արմենիա» հեռուստաընկերության և «Ռադիո Ջան»-ի (Ռադիոպռո) բաժնետոմսերի 100%-ն, ինչպես հայտնի է, արդեն իսկ հանդիսանում են հայտնի մեդիագործիչ, ռուսական «Քոմեդի քլաբ պրոդաքշընի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի ընտանիքի սեփականությունը։

Նշենք նաև, որ բաժնետերերի ցանկությամբ որոշում էր կայացվել դադարեցնել «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի գործունեությունը որպես մեդիա միավորում, լուծել նրա հետ համագործակցող բոլոր մեդիա ընկերությունների հետ կնքած կառավարման պայմանագրերը:

Բայց Մինասյանին պատուհասած «աղետը», պարզվում է, այսքանով չի սահմանափակվում. գորշ ամպեր են կուտակվել հայտնի «Սպայկա»-ի գլխին: Լուրեր են շրջանառվում, որ «Սպայկա»-ն, որն, ինչպես հայտնի է, երկրում գոյություն ունեցող ամենաեկամտաբեր ընկերություններից մեկն է, Միքայել Մինասյանի «ձեռքից վերցրել» են, և վերցնողն էլ իրավապահ համակարգի ներկայացուցիչ է:

Իրավիճակն իսկապես զգայուն է Մինասյանի համար, և եթե այս տենդենցը շարունակական բնույթ կրի, ապա հեռու չեն ժամանակներն, երբ Մինասյանը կհայտնվի «աշխատավարձով ապրողի» կարգավիճակում:

Իրականում, սակայն, իրավիճակը բավական ոչ միանշանակ է: Բանն այն է, որ սուր աչքն անմիջապես կնկատի, որ, մասնավորապես, Մինասյանին նախկինում պատկանած մեդիա կայսրությունը, որից երրորդ նախագահի փեսան, փաստորեն, «դատարկ է նստել», փաստացի փոխանցվել է Մինասյանի հետ խիստ մտերիմ հարաբերություններ ունեցող անձանց: Այսինքն` Մինասյանի համապատասխան բիզնեսների նոր տերերն այնքան էլ օտար չեն, իսկ ավելի ճշգրիտ` հանդիսանում են Մինասյանի մարդիկ:

Ադրյունքում ստացվում է բավական ուշագրավ պատկեր. մի կողմից, թվում է, Մինասյանն արագորեն ունեզրկվում է, մյուս կողմից` ահռելի ունեցվածքի նոր տերերը օտար անձիք չեն: Տպավորություն է ստեղծվում, որ Մինասյանը, վաճառելով բիզնեսներն, իրականում անցնում է ստվեր` շարունակելով «գորշ կարդինալի» իր առաքելությունն այս անգամ, սակայն, մի փոքր այլ ֆորմատով:

Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ նոր Հայաստանի ռեալներն այնքան էլ լավ չեն ազդել Մինասյանի վրա, ու վերջինս, հասկանալով պահի ռիսկայնությունն, այժմ ստիպված է մի փոքր այլ տակտիկա որդեգրել` դե յուրե կորցնելով բիզնեսները` դե ֆակտո չկորցնել դրանց վրա ունեցած վերահսկողությունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.