Տիգրան Կարապետյանը վերհանեց խնդիրը. «ավգյան ախոռները» մաքրելու ժամանակը

Մարտի 22-ին Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Կառավարության 2018թ-ի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը բարձրացրել էր հարցեր, որոնք, պետք է արձանագրել, իրենց նշանակությամբ շատ ավելի խորքային են, քան կարող է թվալ առաջին հայացքից:

Կարապետյանը նախ` բարձրաձայնել էր Հայաստանում զրահամեքենաների արտադրություն կազմակերպել փորձող Կանադական և ԱՄԷ համատեղ ընկերություն հանդիսացող «Սթրեյթ գրուպի» առաջ ինչ-որ մարդկանց կողմից շարունակաբար հարուցվող արհեստական խոչընդոտների մասին` պաշպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին խնդրելով պարզել այդ մարդկանց ով լինելը, ապա` արձանագրել էր այն փաստը, որ «Օպտոէլեկտրիկ գիտաարտադրական կոոպերատիվի» համար ևս փորձում են խնդիր ստեղծել` այդպիսով ջանալով զրահաթիթեղները կրկին փոխարինել ներմուծմամբ:

Բացի այսամենը` Կարապետյանը վեր էր հանելնաև զինթոշակառուների բնակարանների հետ կապված ևս մեկ խնդիր` նկատելով, որ ՊՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան չի կարող երեք բնակարան ունենալ, որի մասին գրվել է նաև մամուլում. Կարապետյանն այսպիսով փորձել էր արծարծել այն կոռուպցիոն ռիսկերին առնչվող խնդիրները, որ համակարգում դեռևս առկա են ու օր առաջ սպասում են իրենց լուծմանը:

Տիգրան Կարապեյանի հետևողականությունն անչափ էական է ու դրվատանքի արժանի: Ընդ որում` հատկապես ուշագրավ է այն, որ դեռևս առկա խնդիրների ու չհաղթահարված խոչընդոտների մասին խոսում է իշխանական ուժի պատգամավորն, ինչը վկայում է այն մասին, որ ի տարբերություն անցյալի, ներկա իշխանությունները չեն փորձում ընթանալ խնդիրները կոծկելու ու «հալվա ասելով` բերանը քաղցրացնելու» կասկածելի ճանապարհով. կա՞ խնդիր, ուրեմն` դրա մասին պետք է խոսվի, կա՞ն անցյալի մնացուկային դրսևորումներ, ուրեմն` դրանք անհապաղ պետք է վերացվեն և առաջինը դատափետվեն հենց իշխանական ուժի ներկայացուցիչների կողմից:

Անշո՛ւշտ, պատգամավորի կողմից բարձրաձայնված խնդիրների շրջանակը բնավ չի սահմանափակվում լոկ վերոհիշյալներով. խնդիր կա` մեկընդմիշտ արմատախիլ անելու նոր Հայաստանին անհարիր երևութներն ու դրսևորումները` դրանք իսկապես անցյալի գիրկն ուղարկելով: Այս իմաստով Ազգային ժողովի հետևողական պատգամավորների մատուցած ծառայություններն իսկապես կարող են անգնահատելի լինել, վերհանել այն պրոբլեմները, որոնք վերևներին օբյեկտիվ պատճառներով գուցե անհայտ են մնում:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնելու մասին, և կասկած չկա, որ իշխանությունների հետևողական ջանքերի արդյունքում այդ հեղափոխությունը տեսանելի ապագայում միս ու արյուն է ստանալու: Միևնույն ժամանակ անվիճարկելի է նաև այն, որ այդ հեղափոխությունն ավելի արդյունավետ դարձնելու հարցում, դրան դինամիկ տեմպ հաղորդելու խնդրում չափազանց էական է լինելու այն, թե որքանով է իշխանություններին հաջողվելու բացառել նախորդ տարիներին բնորոշ բացասական երևույթներն ու կոռուպցիոն դրսևորումները. սրանք միմյանց հետ փոխկապակցված հարցեր են և չեն կարող լուծվել սեպարատ կերպով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.