Բաժին : Մեկնաբանություն
Գեներալն ապստամբեց. Երևան-Ստեփանակերտ նոր բախում
Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, ներկայում Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն, արձագանքելով նախօրեին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի հնչեցրած այն հայտարարությանը, որում գեներալ-մայորը սուտ էր որակել Արցախի նախագահի ու Պաշտպանության նախարարի` ժամանակին արած այն պնդումները, որ հետախուզությունն ապրիլին ձախողել էր, և այդ իսկ պատճառով է, որ շատ իմաստներով հանպատրաստից են դիմավորել թշնամուն, հայտարարել է` իրականությունից անտեղյակ խորհրդատուների հորինվածքներին հարկ է վերաբերվել համբերատարությամբ:
Հիշեցնենք, որ Ավետիսյանը, մասնավորապես, հայտարարել էր. «Ապրիլյան քառօրյայից 6 ամիս, այնուհետև 3 ամիս, ավելին՝ 1 օր առաջ հետախուզությունը նախազգուշացրել ու տեղեկացրել էր թշնամու քայլերի մասին: Ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը հետախուզությունը դարձյալ տեղեկացրել էր Պաշտպանության բանակի ղեկավարությանն ու Արցախի Հանրապետության նախագահին, որն էլ ապրիլի 1-ին՝ գիշերը ժամը 12:00-ին, հրավիրել էր Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու հետախուզության հաղորդածը: Մինչդեռ սահմանափակվել են մասնակի հանձնարարականներով՝ կարևոր ու էական նշանակություն չտալով հետախուզության տեղեկատվությանը: Այդ մասին ապրիլի 7-ին, այնուհետև ապրիլի 9-ին Արցախի նախագահն ու Պաշտպանության նախարարը ԶԼՄ-ներին պարզաբանում են տվել: Հետևաբար, հանրությանը ապակողմնորոշել ու ասել, թե հետախուզությունն ապրիլին ձախողել է, դա բացահայտ սուտ է և բացարձակ դիտավորություն»:
Մնացականյանի էմոցիոնալ արձագանքը հուշում է, որ խնդիրը դիտարկելի է շատ ավելի լայն համատեքստում, քան` բացառապես պատերազմի:
Մնացականյանը, փաստորեն, բավական կոպիտ կերպով հերքում է Տոնոյանի խորհրդականի հայտարարությունը, որը ոչ այլ ինչ է, քան հայտարարություն այն մասին, որ Ապրիլյան պատերազմում հայկական կողմի կրած ոչ փոքրաթիվ կորուստների պատճառը նաև արցախյան իշխանությունների ոչ ադեկվատ պահվածքն է եղել. նախարարարի խորհրդականը բացահայտորեն մեղադրանք է առաջադրում արցախյան իշխանություններին:
Այնինչ Մնացականյանը, հասկանալի պատճառներով, ժխտում ու հերքում է հայաստանյան իշխանությունների ներկայացուցչի նմանօրինակ պնդումն ու փաստացի անմեղ հռչակում արցախյան իշխանություններին:
Հարց է առաջանում` Մնացականյանը դա անում է` բացառապես հանուն ճշմարտությա՞ն, թե՞ նա ինչ-որ վատ կանխազգացում ունի, չէ՞ որ կա տարածված տեսակետ, որ ի սկզբանե ՀՀ նոր իշխանությունների ու արցախյան բարձրագույն իշխանավորների «ջրերը միևնույն առվով չեն հոսում», և Երևանն իրականում նպատակ ունի «թավշյա հեղափոխության» տրամաբանությամբ փոփոխությունների հասնել նաև Արցախում: Չի բացառվում, որ Մնացականյանի էմոցիոնալ հակաճառությունը պայմանավորված է հենց այս մտավախությամբ. նա փորձում է զրկել Երևանին արցախյան իշխանություններին «պրետենզիա» ներկայացնելու հնարավորությունից:
Թե կողմերից ո՞ր մեկի վարկածը կամ պնդումն է հարյուր տոկոսանոց ճշմարտություն, թերևս, մի փոքր դժվար է ասել, սակայն պետք է խոստովանել, որ տվյալ պարագայում ամենաէականը պրոցեսի սպեցիֆիկան է, դրա խորքայնությունը: Ըստ էության` Արցախում կան պաշտոնյաներ, որոնք համոզված են, որ Երևանում ինչ-որ դավադություններ են հյուսվում իրենց դեմ: