Պետությունը սեղմում է խոշորների ձեռքը. տնտեսական հեղափոխության նրբությունը

Ինչպես նախօրեին տեղեկացրել էր վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, մարտի 15-ին Նիկոլ Փաշինյանը աշխատանքային ընթրիք էր ունեցել Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության անդամների հետ, որի ընթացքում քննարկվել էին երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը, օրենսդրական կարգավորումներին, հարկային ոլորտի բարեփոխումներին վերաբերող տարբեր հարցեր:

Երկրի և, մասնավոապես, տնտեսության համար վճռորոշ այս շրջանում, երբ, փաստորեն, հեղափոխության սահմանադրականացումից կարճ ժամանակ անց ճշգրտվում են այն շեշտադրումներն ու բանաձևերը, որոնք ընկած են լինելու խոստացված տնտեսական հեղափոխության հիմքում, որ, անշո՛ւշտ, դեռ պետք էնյութականացվի, նմանօրինակ հանդիպումները չափազանց կարևոր են: Ընդ որում`կարևոր է հատկապես խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ այսօրինակ շփումներն այն պարզ պատճառով, որ նրանք են այսօր հանդիսանում հայաստանյան տնտեսության լոկոմոտիվային հիմնական ուժը: Ինչպես և աշխարհի շատ ու շատ երկրներում, Հայաստանում նույնպես տնտեսական զարգացումն ուղղակիորեն կախված է լինելու այն հարցի պատասխանից, թե ինչ չափով է պետությունը կարևորում խոշոր բիզնեսի նեկայացուցիչների կարծիքն այս կամ այն հարցի վերաբերյալ լուծումներ մշակելիս ու ստրտեգիա պլանավորելիս:

Ցավոք, Հայաստանը դեռևս չի հասել այն կետին, երբ հնարավոր կլիներ պնդել, որ ՓՄՁ-ները նույնքան զգալի դերակատարում ունեն երկրի տնտեսության զարգացման կամ բյուջետային բավարար մուտքերի ապահովման հարցում, որքան խոշորներն, ինչը, թերևս, պետք է շտկվի առաջիկա տարիներին, սակայն ունենք այն, ինչ ունենք, և իշխանությունների` հատկապես հարկային օրենսգրքի պատրաստվող փոփոխություններին ընդառաջ արվող ժեստը պետք է գնահատելի համարել. իշխանությունները վճռակամ են` միանգամայն նոր հիմքերի վրա դնելու պետություն-գործարար համայնք հարաբերությունները, վերացնելու նախկինում եղած բոլոր կոռուպցիոն խոչընդոտներն ու երկրում իսկապես ձևավորելու մրցակցային առողջ մթնոլորտ:

Ասվածը, սակայն, չի նշանակում, որ փոքր ու միջին բիզնեսը կառավարության ուշադրությունից վրիպելու է, բնա՛վ. իշխանություները քայլեր են ձեռնարկում և շարունակելու են ձեռնարկել հօգուտ փոքր ու միջին ձեռներեցության զարգացման` հարկերի իջեցման և այլ գործիքակզմերի օգնությամբ փորձելով բավարար պայմաններ ստեղծել դրանց զարգացման համար: Բայց միանշանակ է, որ տեսանելի ապագայում Հայաստանի տնտեսության զարգացման հիմքում ընկած են լինելու խոշորների ձեռքբերումներն ու նվաճումները, և եթե պետությունն աչքաթող անի իրականությունից բխող այս փաստն, ապա կարող է զարգացումն այնքան էլ համապարփակ չստացվել, ու առաջանա խառնաշփոթ իրավիճակ: Չէ՞ որ ՓՄՁ-ների համար բազմաթիվ արտոնություններ սահմանելով` առաջանալու է անխուսափելի բյուջետային դեֆիցիտի խնդիր, որը վերացնելու համար պետությունը կարիք է ունենալու նույն խոշորների մուծելիք հարկերի, ինչն էլ ենթադրում է պետություն-խոշոր բիզնես հարաբերությունների զգայունության ավելացում. կառավարության խնդիրն է լինելու բալանսավորել այս բարդ եռանկյունին:

Հատուկ վերաբերմունքի ակնկալիք ունեն բոլորը` խոշորներն էլ, մանրերն էլ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.