Թրեյսին նախազգուշացրեց. գնդակը Հայաստանի դաշտում է

Օրերս Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին հանդիպել էր ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հետ:

Ողջունելով դեսպանի գլխավորած պատվիրակությանը՝ բնապահպանության նախարարը շնորհավորել էր դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Էրիկ Գրիգորյանը ներկայացրել էր նախարարության՝ բնապահպանական խնդիրների լուծման առաջիկա տեսլականները և համոզմունք հայտնել, որ երկկողմ փոխգործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր բնագավառներ:

Դեսպանն, իր հերթին, շնորհակալություն էր հայտնել ընդունելության, բարեմաղթանքների համար և վերահաստատել իր երկրի պատրաստակամությունը՝ շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը շրջակա միջավայրի պահպանության հարցերի լուծման ուղղությամբ։

Այս շրջանում Ամուլսարի շուրջ ընթացող պրոցեսները կրկին ակտիվացել են. «Լիդիան»-ը հայտարարել է նոր գործընթաց սկսելու մասին, որը կարող է ավարտվել արբիտրաժային դատարանի կողմից Հայաստանի դատապարտմամբ` այդ իրողությունից բխող բոլոր ֆինասնական և այլ հետևանքներով: Դա կորող է անշրջելի հարված հասցնել երկրի միջազգային հեղինակությանը:

Մինչդեռ «բնապահպան» կոչվածներն, ովքեր փաստացի սպասարկում են նեղ խումբ ընդգրկող մարդկանց շահերը, շարունակում են ճանապարհները փակ պահել` արգելանք հանդիսանալով «Լիդիան»-ին անել իր գործը:

Կասկած չկա, որ դեսպանի` բնապահպանության նախարարի հետ ունեցած հանդիպման օրակարգային հարցերից ամենահրատապը հենց Ամուլսարին վերաբերող խնդիրն է եղել: Ընդ որում` ուշագրավ է, որ ԱՄՆ դեսպանն առաջիններից մեկը հանդիպում է ունենում հենց բնապահպանության նախարարի հետ, ինչը վկայում է այն մասին, որ Վաշինգտոնն ամենաբարձր մակարդակով է կարևոում խնդրի շուրջ ստեղծված անհասկանալի իրավիճակի տրամաբանական ու շուտափույթ հանգուցալուծումը:

Ամերիկացիների ուզածն այդ իմաստով մի մեծ բան չէ. մարդիկ ցանկանում են ստանալ մեկ պարզ հարցի պատասխան` ինչո՞ւ է «Լիդիան»-ը կանգնել նմանօրինակ տհաճ, անբացատրելի դարձած իրավիճակի առաջ այն դեպքում, երբ Հայաստանի հանքարդյունահանողների շարքում այս ընկերության առաջարկած տեխնոլոգիաներն ու տված երաշխիքները դուրս են մրցակցությունից և այն էլ այն դեպքում, երբ ոչ մի կերպ չի հաջողվում ապացուցել Ամուլսարի շահագործման վնասաբերությունը հայաստանյան ջրային ավազանի վրա:

Անկասկած, ինչպես Թրեյսիի հանդիպումը բնապահպանության նախարարի հետ, այնպես էլ վերջին շրջանում տարբեր խողովակներով Հայաստան հղվող ազդակները վկայում են այն մասին, որ կոնկրետ ամերիկացնիները հստակ հարցեր ունեն ուղղելու հայաստանյան կառավարությանն, ու եթե մերոնց այդպես էլ չհաջողվի սպառիչ պատասխան գտնել ամերիկացիների հարցերին ու փաստեր մեջտեղ բերել, որոնք կվկայեն Ամուլսարի հանքի շահագործման վտանգավորության մասին, ապա վաղ թե ուշ ՀՀ իշխանությունները կանգնելու են լրջագույն փաստի առաջ, ընդհուպ` հայ-ամերիկյան հարաբերությունների սառեցման, ինչը, հաշվի առելով մեր երկրի սահմանափակ հնարավորույունները, կարող է շատ վատ հետևանքներ ունենալ:

Այնպես որ` խնդիրն անհապաղ ու հիմնավոր լուծում է պահանջում, որից կշահեն բոլորը:

Norlur.am

Մեկնաբանություններ