Փաշինյանն այլընտրանք չթողեց Ալիևին

Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների` Ստեփանակերտում կայացած համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ելույթում տեղ գտած շեշտադրումները, որոնք, ըստ էության, նոր իրավիճակ են ստեղծում բանակցային պրոցեսում, փաստի առաջ են կանգնեցնում ինչպես Ադրբեջանին, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախահահներին: Առաջինը, փաստորեն, պարտադրվում է ընդունել Արցախի սուբյեկտայնության աննախադեպ մեծացման իրողությունը` բանակցություններում էական առաջընթաց գրանցելու, եթե նման նպատակ ունի, իսկ ահա համանախագահների համար էլ Փաշինյանի հայտարարությունները յուրատեսակ շոկային թերապիայի ազդեցություն են թողնում այն պարզ պատճառով, որ Փաշինյանն, ըստ էության, իր հստակեցնող հայտարարություներով ցրում է Մադրիդյան տխրահռչակ սկզբունքների կեսունակության մասին միֆերը, որոնց վրա էլ, ի դեպ, խարխսված էր համանախագահների վերջին հայտարարությունը, և որն, ինչպես հայտնի է, բավական ջերմորեն էր ընդունվել Բաքվի կողմից:

Փաշինյանի խրոխտ ու երկակի մեկնաբանությունների տեղիք չտվող շեշտադրումներով հագեցած ելույթի խոսքն, անկասկած, պետք է համարել նախևառաջ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հաջող կապիտալիզացիայի արդյունք: Հենց Փաշինյանի անբեկանելի լեգիտիմությունն է, որ նրան թույլ է տալիս շեշտադրել խաղաղ կարգավոման հարցում հասարակությունների դերի կարևորությունն ու այդ իմաստով Արցախի ղեկավարության` ներկա փուլում ձեռք բերած կարևորագույն նշանակությունը. Արցախը պետք է դառնա բանակցությունների կողմ, Արցախի ժողովուրդը պետք է ներկայացված լինի բանակցությունների սեղանին ամենաբարձր ու ամենալեգիտի մակարդակով, և որևիցե պարագայում որևէ մեկը Հայաստանի իշխանություններից չարդարացված ակնկալիքներ այդ առումով պետք է չունենա և չկարծի, թե Փաշինյանն, ունենալով բարձր լեգիտիմություն, կարող է իրեն թույլ տալ ստորագրել մի փաստաթուղթ, որի ձևակերպման հարցում Արցախի ժողովուրդը մասնակություն չի ունեցել:

Այսինքն` Փաշինյանը, կարելի է ասել, ինստիտուցիոնալիզացնում է հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո իր իսկ կողմից առաջ քաշած հայտնի թեզն ու այն դարձնում հայկական կողմի ձեռքին լրջագույն կռվան Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպմանն ընդառաջ` հստակորեն ձևակերպելով այն շրջանակը, որրից դուրս գալ ինքը չի կարող: Ի դեպ` սա ուղղված է ոչ միայն Բաքվին, այլև աշխարհին, որը մեկ անգամ չէ, որ խոսել է Փաշինյանի լեգիտիմության` Արցախի կարգավորման հարցում ունեցած դերի մասին`հաճախ հենց դա համարելով հիմք այն բանի, որ Հայաստանը վարչապետը կարող է գնալ ոչ պոպուլյար քայլերի:

Այնինչ Փաշինյանը հայտարարում է, որ նույն այդ լեգիտիմությունն ու ժողովրդավարական սկզբունքներին իր հավատամությունն է, որ իրեն թույլ չի տալու Արցախի ժողովրդի գլխից թռչել ու ժողովրդի հետևում ինչ-որ պայմանագրեր ստորագրել, և եթե ոմանք ցանկանում են իրական առաջընթաց տեսնել, ապա պետք է համակերպվեն Արցախը բանակցությունների սեղանին տեսնելու մտքի հետ:

Այսպիսով` Փաշինյանն արցախյան խնդրի խաղաղ կարգավորման սեփական տեսլականի այսօրինակ շեշտադրմամբ կոտրում է կարծրատիպեր, խառնում խաղաքարտեր, փորձության առաջ կանգնեցնում Բաքվին` նրան այլընտրանք չթողնելով. հիմա Ադրբեջանը կա՛մ պետք է համաձայնի Փաշինյանի պայմաններին, կա՛մ գնա խնդրի ռազմական լուծման ճանապարհով, ինչը կարող է կործանարար դառնալ Ադրբեջանի համար` հաշվի առնելով այդ երկրի մի շարք առանձնահատկություններ:

Norlur.am

Մեկնաբանություններ
Լրահոս