«Մկանների ցուցադրում». սպասե՞լ պատերազմի

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տարածել է հայտարարություն` տեղեկացնելով, որ Ադրբեջանը մարտի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում նախատեսում է իրականացնել խոշորագույն զորավարժություն` միաժամանակ տեղեկացնելով, որ Բաքուն նախապես այդ մասին չի տեղեկացրել: «ԱՀ զինված ուժերը նախատեսում են իրականացնել խոշորագույն զորավարժություն հետևյալ կազմով. 1. անձնակազմ` 10 000 մարդ, 2. մինչև 500 մարտական տանկեր և այլ զրահապատ տեխնիկա, 3. ամենաքիչը 300 միավոր տարբեր տրամաչափի ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր, հրթիռներ և ռեակտիվ համազարկային միջոցներ, 4. բանակային ավիացիայի ավելի քան ավելի քան 20 միավոր մարտական ինթնաթիռներ և ուղղաթիռներ: Զորավարժությունը կրելու է հարձակողական բնույթ: Զորավարժության խնդիրներն են. - զորքերի նախապատրաստում հարձակողական գործողությունների, - հարված պայմանական հակառակորդին մի քանի ուղղություններով, խախտելով իր պաշտպանական և մարտական դասավորվածությունը, - հրթիռային և հրետանային հարվածներ հասցնել հակառակորդին, ոչնչացնելով նրա ռազմական և ռազմավարական նշանակության կարևոր կառույցները, - նոր տեսակի սպառազինության և տեխնիկայի փործարկումներ: Տեղեկացնում եմ, որ ԱՀ-ն ՎՓ-11-ի շրջանակներում տրվող տարեկան տեղեկատվությաբ վերոնշյալ զորավարժության վերաբերյալ չի ծանուցել մասնակից երկրներին և նման դեպքերում, համաձայն վերը նշված կետի (խմբ.-նկատի ունի Վիեննայի 2011թ. փաստաթղթի VII մասի 66-րդ կետի պահանջները), ԱՀ պարտավոր է այդ մասին ծանուցել հնարավորինս անհապաղ, սակայն ԵԱՀԿ տեղեկատվական ցանցով զորավարժության անցկացման մասին ԱՀ կողմից դեռևս ծանուցում չի ստացվել»,- այս մասին, մասնավորապես, ասվում է Հովհաննիսյանի հայտարարության մեջ ու եզրակացվում` այս զորավարժությունը կազմակերպվել է Փաշինյան-Ալիև հանդիպման համատեքստում և ճնշման փորձ է, ի պատասխան այն հայտարարությունների որ, ազատագրված տարածքներից Հայաստանը ոչ մի տարածք չի չզիչելու Ադրբեջանին: Իր հերթին Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը Ադրբեջանում լայնածավալ զորավարժությունների անցկացման փաստը համարել է որպես ապացույց այն բանի, որ գործ ունենք ֆաշիստական երկրի հետ: «Ցավոք, միջազգային հանրությունը լռում է այնպես, ինչպես հանցագործ Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու, ինչպես նաև Ադրբեջանի մի շարք այլ նողկալի գործողությունների ժամանակ: Միջազգային հանրությունը, ինչ-ինչ պատճառներով, չի ցուցաբերում կոշտ վերաբերմունք պաշտոնական Բաքվի ագրեսիվ գործողությունների նկատմամբ: Մի՞թե նրանք վտանգ չեն տեսնում, կամ գուցե պատճառն այդ կառույցների կոռումպացվածությունն է: Մենք հույս չենք դնում միջազգային կառույցների հայտարարությունների վրա, մեր հույսը բանակն է, որը մենք ուժեղացնում ենք»,-News.am-ի հետ զրույցում փաստի առնչությամբ տարակուսանք է հայտնել Դավիթ Բաբայանը: Գաղտնիք չէ, որ հատկապես վերջին շրջանում` հեղափոխության սահմանադրականացումից հետո, պաշտոնական Երևանն էապես կարծրացրել է իր դիրքորոշումն Արցախյան խնդրում: Ի դեպ` օրերս ՀՀ ԱԳ փոխնախարար շավարժ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանը չի հրաժարվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, իսկ դրանք չեն կատարվում, որովհետև դեմ է Ադրբեջանը: Փաշինյանն էլ  օտարերկրյա այցերի ընթացքում, իր հերթին, հասցրել է մի շարք հայտարարություններ անել այն մասին, որ եթե իսկապես առկա է արցախյան հարցում շոշափելի առաջընթաց գրանցելու ցանկություն, ապա Արցախը պետք է անհապաղ դառնա բանակցություների կողմ` Երևանի ու Բաքվի հետ միասին միևնույն սեղանի շուրջ նստելու իրավունք ձեռք բերելով: Ինչպես հայտնի է, Փաշինյանը որպես իր այսօրինակ պնդման հիմնավորում բերում է այն բանալ իրողությունը, որ  ինքը ոչ թե Արցախի, այլ Հայաստանի ղեկավարն է` ընտրված լինելով ոչ թե Արցախի, այլ Հայաստանի ժողովդի կողմից, և հետևաբար` չի կարող իրեն իրավունք վերապահել` Ացախի ժողովրդի անունից բանակցելու Ալիևի հետ: Այս դիրքորոշումը «սվիններով է ընդունվում» Բաքվի կողմից, ինչի պատճառով էլ, վերջինիս արտգործնախարար Մամեդյարովն օրերս փորձել էր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Երևանի դիրքորոշման վրա`դրանով, ըստ էության, փորձելով Երևանի վրա ճնշում բանեցնել. ազերիները հույս ունեին հեղափոխությունից հետո հասնել Հայաստանի դիրքորոշման կակղացմանը, սակայն ժամանակը, փաստորեն, ապացուցում է, որ այն միմիայն է՛լ ավելի է կարծրանում, և միայն Վանեցյանի հայտնի հայտարարությունները բավարար են, որպեսզի Բաքվում համապատասխան հետևություններ արվեին. դատելով Արծրուն Հովհաննիսյանի հայտարություններից` հետևություններ Բաքվում, այնուամենայնիվ, արվել են: Տեսականորեն կարո՞ղ են սույն զորավաժությունները սահուն կերպով վերածվել մարտական գործողությունների, թե՞, այնուամենայնիվ, Ադրբեջանը դեռևս չի գնա նման անկանխատեսելի քայլի: Իրականում Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ Բաքվի այս ցուցադրական ակցիան մեկ նպատակ է հետապնդում` վախեցնել Երևանին ու նախազգուշացնել, որ եթե ակնկալվելիք բանակցություններից հետո էլ «սայլը տեղից չշարժվի», ապա Բաքուն այլևս լրջորեն կդիտարկի պատերազմի տարբերակը: Ճիշտ է` այդ դեպքում էլ մեկ այլ է հարց է առաջ գալիս` արդյոք միջազգային հարաբերություններում ներկայում ստեղծված դասավորվածությունն ու իրավիճակը թույլ տալի՞ս են Բաքվին` նման արյունարբու ծրագրեր կազմելու, թե՞ ոչ: Այս իմաստով պետք է նկատել, որ գերտերությունները կարծես այնքան էլ չեն շտապում «կանաչ լույս վառել» Բաքվի առաջ: Դրանցից Ռուսաստանն, օրինակ, նույն Զատուլինի ու Կալաշնիկովի միջոցով որոշակի ազդակներ է հղում Բաքվին` զգուշացնելով «չտլպալ» և միաժամանակ մատնացույց անելով, թե որտեղ է գտնվում խնդրի լուծման բանալին, Արևմուտքը դեռևս սպասողական վիճակում է գտնվում` Իրանի շուրջ ընթացող պրոցեսներով պայմանավորված, իսկ Թուրքիան էլ, ում հարաբերությունները վերջին շրջանում էապես ջերմացել են ռուսական կողմի հետ, այս իրավիճակում ոչ մի պատճառ չունի հանուն Ալիևի քմահաճույքների վատթարացնել հարաբերությունները Կրեմլի տիրակալի հետ: Այսիքնն` Բաքուն այժմ գործնականում մղվել է անկյուն, իսկ մկանների այսօրինակ ցուցադրությունն ընդամենը մի հուսահատ քայլ է, ազդակ`ուղղված երևիթե ոչ այնքան Երևանին, որքան նույն միջազգային հանրությանն ու ուժային կենտրոններին: Ասել կուզի` ներկա պահին պատերազմի հավանականությունը չնչին է, ու միակ բանն, ինչն այս փուլում Հայաստանը պետք է անի, ներքին բարեփոխումներին նոր զարկ տալն ու բանակի հզորացմանը միտված քայլերն արագացնելն է. լարվելն անմաստ է, գործել է պետք: Norlur.am
Մեկնաբանություններ