Ահազանգ` համանախագահներից. կհաջողվի՞ կանխել պայթյունը

Մինսկի խմբի համանախագահները տարածել են հայտարարություն  (Խմբ.-թարգմանաբար` այստեղ) Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպմանն ընդառաջ`դրանում ներկայացնելով արցախյան հակամարտության կարգավորմանը հասնելու ուղիների վերաբերյալ սեփական տեսլականը: Պետք է նկատել, որ հայտարարությունն արվում է  բավական ուշագրավ համապատկերի պայմաններում. մի կողմից` Բաքուն շարունակում է «ատամները սրել»` չթաքցնելով ռազմական ուժին դիմելու իր բուռն ցանկությունը (սանձազերծելիք զորավարժությունը դրա վառ ապացույցն է ու ցուցիչը), մյուս կողմից, փաստորեն, Երևանը, հասկանալով իրավիճակի նրբությունն ու զիջողական կեցվածքի կործանարարությունը, հստակ հայտարարում է, որ որևիցե պարագայում չի կարող թույլ տալ Ղարաբաղի վերադարձ  Ադրբեջանի կազմ. «ոչ մի թիզ հող`թշնամուն»` ահա այսօր Հայաստանյան իշխանությունների դիրքորոշումը հակամարտության հարցում: Եվ ահա այս պայմաններում արվում է մի հայտարարություն, ուր, մասնավորապես, նշվում է. «Խնդրի արդար ու տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, մասնավորապես` կապված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման վրա: Այն նաև պետք է ներառի հավելյալ տարրեր, ինչպես 2009-2012 թվականներին առաջարկել են համանախագահող երկրների նախագահները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, որը անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, ինչպես նաև միջազգային անվտանգության երաշխիքներ, որը կներառի նաև խաղաղապահ գործողություն»: Իր հերթին ՀՀ ԱԳ մամլո քարտուղարը, մեկնաբանելով ներկայում ստեղծված իրավիճակը, նկատել է. «Վերջին շրջանում նկատելիորեն կոշտացել են Ադրբեջանի տարբեր պետական օղակների կողմից ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ արվող հայտարարությունները: Դրանցում առավել շեշտադրվում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, ռազմական ճանապարհով հիմնահարցի լուծումը, առավելապաշտական, ոչ կառուցողական հայտարարությունները, ինչը դատապարտելի է: Հենց սա է արտացոլված նաև համանախագահների վերջին հայտարարության մեջ»: Փաստը, որ համանախագահները նմանբովանդակ հայտարարություն են տարածում հենց հիմա, ինքնին խոսուն է ու, ըստ էության, վկայում է տարածաշրջանում առաջացած պայթյունավտանգության մասին: Ակնհայտ է, որ այդ իրավիճակի մեղմացման նպատակով է, որ որոշում է կայացվել հայտարարություն տարածել, որով, մի կողմից, համանախագահներն իրենց հավատարմությունն են հայտնում խաղաղ  գործընթացին` անթույլատրելի համարելով իրավիճակի արհեստական սրացումը, մյուս կողմից, փաստորեն, սահմանում խնդրի կարգավորման սեփական տեսլականը, որը, նկատենք, հակասական տպավորության տեղիք է թողնում, քանի որ դրանում մի կողմից` խոսվում է ժողովուրդների ինքնորոշման մասին, մյուս կողմից, փաստացի, հայտարարվում Արցախի ինչ-որ միջանկյալ կարգավիճակի մասին, որն իբր պետք է նախորդի խնդրի վերջնական կարգավորան փուլին: Այսինքն` առաջարկվում է ոչ թե փաթեթային լուծում, ինչը կբխեր հայկական կողմի շահերից, այլ` փուլային, որն առավելապես ադրբեջանամետ տեսակետ է, ու որի դեմ հայկական կողմը տարիներ ի վեր պայքար է մղել: Այսպիսվ` համանախագահներն, ըստ էության, փորձել են որոշակի հավասարակշռություն պահպանել հակամարտող կողմերի միջև` միաժամանակ ծպտուն անգամ չհանելով Սանկտ-Պետերբուրքի ու Վիեննայի պայմանավորվածությունների մասին, ինչը, թերևս, էապես բխում է Ադրբեջանի շահերից, ու փաստացի ստացվում է մի անհասկանալի պատկեր. ագրեսորին փորձելով հանդարտեցնել` միաժամանակ համանախագահներն առաջ են տանում հայկական կողմի համար անընդունելի միջանկյալ կարգավիճակի տարբերակը: Ինչո՞ւ: Ակնհայտ է, որ նմանօրինակ հայտարարության տարածման հիմնական պատճառը հավանական ռազմական բախումը կանխելն է, քանի որ միջազգային խաղացողներից ոչ ոք այս պահին շահագրգռվածություն չունի անկանխատեսելի պատերազմի բռնկման  հարցում:  Ըստ էության` այս է պատճառը, որ համանախագահների հայտարարությունը, որքան էլ հավասարակշռված, բայց և այնպես ավելի շատ ադրբեջանանպաստ, քան հայանպաստ է ստացվել, մյուս ողմից, չնայած, առաջին անգամ չէ, որ խոսվում է Արցախի հնարավոր միջանկյալ կարգավիճակի մասին, և այս իմաստով համանախագահները սեփական տեսլականի վերասահմանման խնդիր իրենց առաջ չեն դնում: Անկախ ամեն ինչից` մեկ բան ուղղակի ակնբախ է` ժամանակը խաղաղության օգտին չի աշխատում, ու Ադրբեջանը շարունակում է լրջագույնս պատրաստվել պատերազմական գործողությունների`վստահ լինելով, որ իրեն կհաջողվի ճեղքում գրանցել ու ստիպել հայկական կողմին նահանջել: Իսկ սա նշանակում է, որ Հայստանը մեկ րոպե անգամ հապաղելու իրավունք չունի, և պետք է գործադրի առավելագույն ջանքեր` հատկապես դիվանագիտական հարթությունում Ադրբեջանին նեղը գցելու համար, և նկատենք, որ Փաշինյանի արտասահմանյան այցելությունների հիմնական նպատակը նաև հենց սա է: Այլ հարց, թե որքանով դա կհաջողվի անել, որքանով` ոչ. աշխարհը խափուսիկ է: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս