Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Պավել Անանիկյանի մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Պավել Անանիկյանի մահվան կապակցությամբ:

Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

«Խոր վշտով տեղեկացա անվանի վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, իմ սիրելի ուսուցիչ, իսկ հետո ավագ գործընկեր Պավել Անանիկյանի մահվան մասին:

Պավել Անանիկյանը ոչ միայն մարդկային բազմաթիվ կյանքեր փրկած մեծավաստակ վիրաբույժ էր և բժշկական գործի հմուտ կազմակերպիչ, այլև անխոնջ գիտնական ու մանկավարժ, ով շուրջ քառորդ դար ղեկավարեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր վիրաբուժության ամբիոնը: Եվ ավելին, դառնալով հայ վիրաբուժական դպրոցի մի քանի սերունդների ուսուցիչներից մեկը՝ նաև հսկայական ավանդ ունեցավ Հայաստանում բժշկական գիտության զարգացման գործում՝ հեղինակելով շուրջ 500 գիտական աշխատանքներ, այդ թվում 13 մենագրություն և 3 դասագիրք:

Օժտված էր գրական ձիրքով և վիրաբույժի իր կյանքի դժվարին ու շնորհակալ պատմությունը սերունդներին ավանդեց ինքնակենսագրական մի քանի գրքերով, իսկ հայրենիքի ու ժողովրդի հանդեպ տածած զգացմունքները նկարչի բնատուր վարպետությամբ հանձնեց կտավին:

Հայ բժշկական գիտության համար ծանր կորստի այս պահին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Պավել Անանիկյանի հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.