Ով և երբ է ԼՂ–ն դուրս թողել բանակցություններից. պարզաբանում է Վիկտոր Սողոմոնյանը

Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մասը: Բոլորին հայտնի է, որ Ղարաբաղը միջազգային իրավունքներին համապատասխան հանրաքվե է իրականացնել, ապա հանրաքվեի արդյունքները պաշտպանել: Այս մասին այսօր «Լազարևյան ակումբի» նիստում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: «2006թ.-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարց տվեցին՝ որտե՞ղ է հայկական կողմի փոխզիջումների սահմանը: Սահմանը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է Ղարաբաղի անկախությունը: Անցյալին վերադարձ չկա, Ղարաբաղը պետք է լինի անկախ և հետո ինքը որոշի՝ մնա անկախ, թե միանա Հայաստանին: Սա է հնարավոր փոխզիջումների սահմանը»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը՝ նշելով, որ Ղարաբաղում 2 սերունդ է ծնվել, որոնք ապրում են անկախ և չեն պատկերացնում, որ կլինեն Ադրբեջանի կազմում: Նա խոսեց նաև այն տեսակետների մասին, թե ով և երբ է Ղարաբաղը դուրս հանել բանակցային պրոցեսից: «Ասում են, թե իբր դա եղել է այն ժամանակ, երբ Ղարաբաղի ներկայացուցիչները զբաղեցրել են բարձր պաշտոն Հայաստանում: Դա այդպես չէ: Ժիրայր Լիպարիտյանը դեռ 1997-ին ասել է, որ բանակցությունների արդյունավետությունը մեծացնելու համար հայկական կողմը համաձայնել է, որ Ղարաբաղը որոշ ժամանակ չմասնակցի բանակցություններին, դրանք ընթանան Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Հենց այս պահից ԼՂՀ-ն դադարեց մասնակցել բանակցություններին, ինչը խաթարեց դրանց բնականոնությունը: Եվ այո՛, Ղարաբաղի վերադարձը բանակցային սեղան, Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև բանակցությունների մեկնարկը կարտացոլի դրանց իրական իրավիճակը»,- շեշտեց Վիկտոր Սողոմոնյանը:
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.