Կառավարության հաստատած ներդրումային նոր ծրագրերի արդյունքում կստեղծվի շուրջ 250 նոր աշխատատեղ

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ներդրումային հերթական ծրագրերը։ Գործադիրը բավարարել է «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ներմուծվող ապրանքներն ընկերությունն օգտագործելու է կոմպոզիտային բալոնների (գազաբալոնների) արտադրության մեջ։ Ներդրումային ծրագիրն իրականացվելու է Լոռու մարզում։ Արդեն իսկ կատարվել է 2 մլրդ դրամի ներդրում, նախատեսվում է ևս 8 մլրդ դրամի ներդրում: Արդյունքում կստեղծվի 120 նոր աշխատատեղ՝ 150 000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 50 մլրդ դրամ, որից 2,5 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 33.5 մլրդ  դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 14 մլրդ  դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։ Գործադիրի որոշումներով մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվեն նաև «Արթիկի ՓՀԿ» և «Էդգար փարթներս» ՍՊԸ-ները: «Արթիկի ՓՀԿ» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է բամբակի, թելի, կտորի թափվածքների արտադրության և վերամշակման մեջ։ Ներդրումային ծրագիրը իրականացվելու է  Շիրակի մարզում. կկատարվի  6 015 421 290 ՀՀ դրամի ներդրում, կստեղծվի  112 նոր աշխատատեղ՝ 180 000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալն առաջին տարում կկազմի 1,650,000,000 դրամ, որից 1,450,000,000 դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 200,000,000 դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում։ «Էդգար փարթներս»-ը մասնագիտացված է մշակող արդյունաբերության բնագավառում. ներմուծվող ապրանքներն ընկերությունն օգտագործելու է թղթե արտադրատեսակների արտադրության և տպագրության ոլորտում:
2016-2018թթ. ընթացքում արդեն իսկ իրականացվել է 384 500 000 դրամի ներդրում, իսկ մինչև 2020թ.-ի ավարտը նախատեսվում է իրականացնել մոտ 450 000 000 դրամի ներդրում: Արդեն իսկ ստեղծվել է 5 աշխատատեղ, նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել ևս 7-10 նոր աշխատատեղ՝ 80 000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 950 000 000 դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.