Առողջապահության նախարարության՝ Սևանում չլողալու հորդորը վերաբերել է լճի կանաչած ափերին, այլ ոչ թե ընդհանրապես Սևանա լճին. Լիանա Թորոսյան

Առողջապահության նախարարության՝ Սևանա լճում չլողալու հորդորը վերաբերել է լճի կանաչած ափերին, այլ ոչ թե ընդհանրապես Սևանա լճին. այսօր հրավիրված ասուլիսին ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: «Մենք հորդորել ենք չլողալ այն հատվածներում, որտեղ ջուրը ծաղկած է, որովհետև դա պայմանավորված է ցիանոբակտերներով կամ կապտականաչ ջրիմուռներով, որը վտանգավոր է, տոքսիկ է, թունավոր է մարդկանց և կենդանիների համար»,-ասաց նա և նշեց, որ դա էր հիմքը, որ նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ: Նշենք, որ հուլիսի 25-ին, ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ և անդրադառնալով Սևանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով ջրի կանաչ գույն ստանալուն` հորդորել էր զերծ մնալ նման վայրերում լողալուց: Նախարարությունը նաև մանրամասն տեղեկացրել էր, թե այդ վայրերում լողալն ինչ բացասական հետևանքներ կարող է ունենալ մարդկանց առողջության վրա, ինչ ախտանշաններ կարող են առաջանալ: Լիանա Թորոսյանը ևս մեկ անգամ կոչ արեց զերծ մնալ ծաղկած ափերում լողալուց: «Մենք մինչև հիմա պնդում ենք, որ եթե կլինեն տեսանելի ջրիմուռներ, այդ տարածքում լողը ոչ թե ցանկալի չէ, այլ պետք է բացառել»,-ասաց նա: Իսկ այն հարցին, թե ամբողջ Սևանո՞ւմ են արդյոք ջրիմուռները տարածված, Լիանա Թորոսյանը բացասական պատասխան տվեց, նշեց, որ տարածական է, մի տեղում լինում են, մաքրվում է, մեկ այլ տեղում են լինում: «Դա կախված է կլիմայական պայմաններից, այդ ջրիմուռները լինում են կանգնած ջրերում և շոգն էլ նպաստում է դրանց տարածմանը: Այդ թույները կարող են զանազան հիվանդությունների պատճառ դառնալ»,-ասաց նա:
Մեկնաբանություններ