Այս պահին խոսքը վերաբերում է 4 դպրոցի, բայց մի քանի տասնյակ դպրոցների դեպքում խնդիր կա. նախարարը՝ դպրոցների՝ լիցենզիա ունենալու մասին

Բոլոր այն դպրոցները, որոնք չունեն լիցենզիա, դիմել են լիցենզավորման համար, և լիցենզավորման համապատասխան մասնագետները հետևում են այդ պրոցեսին ու փորձում են գտնել լուծում: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր հայտարարությանը, որտեղ նա նշել էր, թե Պուշկինի անվան դպրոցը չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա: «Գուցե այս տարի մեղմ մոտեցում լինի, որպեսզի դասապրոցեսը չտուժի, բայց հաջորդ տարվանից լուրջ խստացումներ կլինեն՝ ընդհուպ մինչև էլեկտրոնային գրանցում, որը թույլ չի տա դպրոցներին այլևս իրենց ունեցած լիցենզիաներից ավելի աշակերտներ ընդունել, իսկ այն աշակերտները, որոնք արդեն սովորում են ավելի բարձր դասարաններում, մարման կարգով կնվազեցնենք այդ դպրոցների ընդունելիության հնարավորություններն այնքան, մինչև համապատասխանեն իրենց լիցենզիաները»,-ասաց նա: Հարցին, եթե ծնողը որոշել է իր երեխային տանել Պուշկինի դպրոց, կարո՞ղ է օգոստոսին գնալ և դիմել, Արայիկ Հարությունյանն ասաց, որ առաջին դասարանների դեպքում գուցե ոչ: «Դա մենք կքննարկենք իրենց հետ, համապատասխան գործընթացների արդյունքում նման որոշումներ կկայացվեն, բայց երկրորդ, երրորդ, չորրորդ դասարանների դեպքում նրանք կշարունակեն»,-ասաց նա: Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս պահին խոսքը վերաբերում է չորս դպրոցի, բայց մի քանի տասնյակ դպրոցների դեպքում խնդիր կա: «Հիմա հանձնարարել եմ ստուգումների արդյունքում ցուցակներն ինձ տրամադրել, որտեղ, օրինակ՝ ավագ դպրոցն առանց համապատասխան լիցենզիայի իրականացնում է ավելի կրտսեր դասարանի աշակերտների ընդունելիություն և դասապրոցես է կազմակերպում: Ես հանձնարարել եմ, որ այդ ստուգումներն անցկացնեն համապատասխան ինֆորմացիայի հիման վրա, և կհասկանանք, թե այդ դպրոցների հետ կապված ինչ քայլեր ենք անելու»,-ասաց նա: Նախարարը նշեց, որ խնդրն առաջացել է նրանից, որ այդ ավագ դպրոցներում չեն կարողացել համապատասխան բովանդակության արդյունքում լրացուցիչ աշակերտներ ներգրավել, փորձել են իրենց ուսուցիչների զբաղվածությունը ապահովել լիցենզիայից դուրս՝ կրթական ծրագիր իրականացնելով: «Երբ լիցենզիայից դուրս աշակերտներ են ընդունում, այսինքն՝ ավել թվով աշակերտներ են ընդունում, դա անմիջական ազդում է այդ երեխաների առողջության վրա, որովհետև տարածքի պակաս է՝ այստեղից բխող բոլոր բացասական հետևանքներով: Բացի այդ, լիցենզիայից ավելի աշակերտներ ընդունող դպրոցներում կրտսեր դասարանի երեխաներն օգտվել են ավելի ավագ դասարանի դասարաններից, նրանց նստարանների, որոնք հարմարացված չեն կրտսեր դասարաններում դասապրոցես իրականացնելուն, այստեղից կարող են լինել շատ ավելի բարդ հաշմանդամություն, ողնաշարի հետ կապված խնդիրներ»,-ասաց նա: Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս ամենը հնարավոր է եղել թաքցնել հովանավորչության միջոցով: «Ես կարող եմ ասել դեպքեր, երբ տնօրենը թույլ չի տվել, որ տեսչական մարմինը մտնի Չեխովի դպրոց, կամ, երբ տեսչական մարմինը, կամ լիցենզավորման մարմինը փորձել է մտնել դպրոց, շատ կարճ ժամանակ հետո զանգեր են եղել, որ այդ «օլիգարխ-դպրոցներին» չդիպչեն»,-ասաց նա: Ինչ վերաբերում է այդ դպրոցների տնօրեններին պատասխանատվության ենթարկելուն՝ նա ասաց. «Քանի որ սեպտեմբերի մեկը մոտ է, մենք ավելի միտված ենք դասապրոցեսը կազմակերպելուն, այդ դպրոցները համայնքապատկան են, և Երևանի համապատասխան վարչությունը միջոցներ պետք է ձեռնարկի, առայժմ խոսակցությունը դրան չի հասել, բայց դրան էլ հերթը կհասնի»,-ասաց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.