Մշակույթի նախարարությունը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակների համալրում է նախաձեռնում

ՀՀ մշակույթի նախարարությունը դիմել է ՀՀ պատմամշակութային հուշարձանների ճակատագրով մտահոգ քաղաքացիներին՝ կոչ անելով  առաջարկություններ ներկայացնել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակների համալրման համար: Նախարարության տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի Հանրապետության պատմամշակութային հուշարձանների ճակատագրով մտահոգված հարգելի քաղաքացիներ, ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ նախաձեռնում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակների համալրում նոր հուշարձաններով: Համալրումը կկատարվի փուլային տարբերակով և պարբերաբար: Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական ճարտարապետության բազմաթիվ կառույցներ բարձր են գնահատվում հայ և միջազգային մասնագետների կողմից, տպագրվում են հեղինակավոր ամսագրերում ու գրքերում, սիրված են մեր քաղաքացիների և հյուրերի կողմից, բայց քչերն են ներառված հուշարձանների պետական ցուցակում: Բարձր գնահատելով հասարակության մասնակցության դերը՝  խնդրում ենք հայտնել Ձեր առաջարկությունները Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական ժառանգության այն քաղաքաշինական և ճարտարապետական կառույցների, մոնումենտալ արվեստի նմուշների ու կոթողների վերաբերյալ, որոնք ձեր կարծիքով արժանի են ընդգրկվել ցուցակներում և վերցնել պետության պաշտպանության տակ: Խնդրում ենք Ձեր  առաջարկությունները ներկայացնել [email protected]    էլեկտրոնային փոստին»:  
Մեկնաբանություններ