ԱԱԾ-ն Մշակույթի նախարարությունում ստուգումներ չի իրականացնում. Լիլիթ Մակունց

Ազգային անվտանգության ծառայությունը մշակույթի նախարարությունում ստուգումներ չի իրականացնում: Լրագրողների հետ զրույցում ասաց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: «Բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հնչեց թիվ փոշիացման վերաբերյալ: Ես խնդրեցի, որ իրավապահ մարմինները կատարեն համապատասխան հետաքննություն: Ես փոշիացման մասին տեղյակ չէի, կխնդրեմ, որ համապատասխան մարմինները միջոցներ ձեռնարկեն»,- նշեց Լիլիթ Մակունցը: Նա ասաց, որ բյուջեի անարդյունավետ բաշխում ու օգտագործում է եղել նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի պաշտոնավարման ժամանակ: «Նպատակահարմար չեմ գտնում անդրադառնալ տիկին Պողոսյանի պաշտոնավարման ընթացքում կատարած որևէ չարաշահման, եթե դրանք որակվել են չարաշահում, որովհետև կարծում եմ, որ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն դրանով: Ինձ ճիշտ հասկացեք՝ քանի՞ տարի պետք է հետ գնամ, որ դրանով զբաղվեմ: Այս պարագայում ընթացիկ ողջ գործերը, նոր քաղաքականության մշակումը, ծրագրերը, որոնց ուզում ենք զարկ տալ, մղվելու են հետին պլան: Իմ առաջարկն այն է, որ այն մարմինները, որոնք իրավասու են, հետազոտություն կատարեն, տրվեն գնահատականներ»,- ասաց Լիլիթ Մակունցը: Հարցին՝ իսկ նախկին նախարար Արմեն Ամիրյանի ժամանակ բյուջեի անարդյունավետ օգտագործում չի՞ եղել, նա պատասխանեց, որ այս կամ այն գործչին առանձին անդրադառնալ պետք չէ: «Անարդյունավետությունը պայմանավորված է նրանով, փաստացի իրականացված ծրագրերն ավելի շատ են եղել, քան նախատեսվածները»,- ասաց նախարարը: Մշակույթի նախարարը պատասխանեց նաև այն կարծիքներին, թե Հայաստանում նման նախարարության կարիք չկա: Մակունցը չհամաձայնեց. «Հարգում եմ բոլորի կարծիքը, բայց կարծում եմ, որ մշակույթի նախարարություն Հայաստանին պետք է: Եթե մենք խոսում ենք մշակույթի հարստացման, մշակույթի պահպանության մասին, ապա այն պետք է լինի անմիջականորեն պետական հովանավորության ներքո»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.