ԱՄՆ–ը կաջակցի կոռուպցիայի դեմ պայքարին ՀՀ առողջապահության ոլորտում. դեսպան

Առողջապահության նախարարությունում այսօր հանդիպել են նախարար Արսեն Թորոսյանն ու Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Մ. Միլս Կտրսերը: Երկուստեք մեծապես կարեւորել են առաջին հանդիպումն ու վերահաստատել արդյունավետ գործակցությունը շարունակելու նպատակադրումը: Դեսպանը նախ շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ, ապա շեշտել, որ Հայաստանը եւ Միացյալ Նահանգներն այս ոլորտում գործընկերության երկար պատմություն ունեն: «Ես վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր համագործակցությունը կշարունակվի»,-ասել է Միլսը: Նախարար Թորոսյանը նկատել է, որ վերջին 15-20 տարում երկկողմ գործակցությունը եղել է ակտիվ, իսկ ամերիկյան կողմից ֆինանսական եւ տեխնիկական աջակցությունը՝ զգալի եւ կարեւոր: «Շատ բարեփոխումներ առանց այդ աջակցության չէին լինի: Մեր գործունեության ընթացքում անհրաժեշտ կլինի ձեր օժանդակությունը համակարգային փոփոխությունների, կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Այս պահին արդեն տարատեսակ ուսումնասիրություններ են կատարվում՝ պարզելու առկա խնդիրները՝ թե արագ լուծումներ տալու, թե երկարաժամկետ ռազմավարություն մշակելու նպատակով: Պետք է ունենանք կոռուպցիայից զերծ առողջապահություն»,-նշել է Թորոսյանը: Ամերիկյան կողմը շեշտել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել ընթացիկ ծրագրերի վրա՝  առավելագույն արդյունավետությամբ կիրառելով առկա ռեսուրսները: «Նոր կառավարության համար, ինչպես հայտարարվում է, գերակա են աշխատանքների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Մենք լիարժեք աջակցում ենք Ձեզ՝ այս նպատակին հասնելու: Միաժամանակ, կոռուպցիայի դեմ պայքարում աշխատանքներին աջակցելը դիտարկում ենք առանձին ու առանձնացված ռեսուրսներով»,-շեշտել է Ռիչարդ Միլսը: Դեսպան Միլսն անդրադարձել է 2014 թվականից Հայաստանում տեսչական ստուգումները դադարեցնելու մասին կառավարության որոշմանն ու նկատել, որ դա որոշակիորեն բարդացնում է հայաստանյան համակարգին առնչվող տարբեր ցուցանիշերի հստակեցումը: Իսկ դա անհրաժեշտ է առեւտրի ընդհանրացված համակարգում համատեղ աշխատանքի եւ մի շարք այլ առումներով եւս: Դիվանագետը գոհունակությամբ է արձագանքել նախարար Թորոսյանի պատասխանին այն մասին, որ առողջապահական տեսչական մարմինն այս պահին վերակազմավորվում է Առողջապահության եւ աշխատանքի տեսչության: Առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում արդեն պատրաստ կլինի դրա կանոնադրությունն ու ղեկավար կազմը: Այն կլինի կառավարությանը կից եւ նախարարություններից անկախ մարմին: Նախարար Թորոսյանն ու դեսպան Միլսը պայմանավորվել են առաջիկա հանդիպումների ընթացքում առավել առարկայական խոսել կոնկրետ ծրագրային ուղղությունների մասին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.