Կառավարությունը նպատակ չունի կասեցնել համազգային թատրոնի շենքի կառուցումը. վարչապետ

Մեր բնագավառում շատ հաճախ լսվող երևույթներից մեկը մշակույթի կապիտալիզացիան է, որը գուցե լավ է, միևնույն է՝ իր մեջ վտանգ պարունակող բան ունի: Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն իր մտահոգության մասին բարձրաձայնեց կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը: Նա հիշեց, որ պաշտոնյաներից մեկի հետ հանդիպման ժամանակ հիշել է գրող Օսկար Ուայլդի հայտնի խոսքերը, թե «ցինիկ նա է, որ ամեն ինչի գինը գիտի, բայց տեղյակ չէ արժեքներից»: «Բոլորիս մոտ կա այդ մտահոգությունը, այսօր մենք հրճվանքով լսում ենք, թե ինչ վերաբերմունք ունեք մշակույթի նկատմամբ, երբ Ձեր ելույթը սկսեցինք՝ ինչ անել հարցադրումից: Եթե շատ պարզունակ ասեմ, ապա պետական այրերը պետք է սիրեն մշակույթը և աջակցեն մշակույթին: Հայտնի ռեժիսորներից մեկն ասել է՝ помогайте талантам, бездарности пробьются сами, սա է առաջին բանաձևը»,- ասաց նա: Չալդրանյանը նկատեց, որ հիմա առկա է 2 մշակույթ՝ մշակույթ, որը սպասարկում է սպառողի պահանջը, և մշակույթ, որը ժողովրդին տանում է իր հետևից, ինչպես նաև բարձրացնում է ճաշակը: Նրա հիմնական հարցադրումը վերաբերում էր Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին, որի գեղարվեստական ղեկավարն ինքն է: «27 տարի է, որ Համազգային թատրոնը միակ թատրոն է ՀՀ-ում, որը չունի շենք: Խնդիրը 1 տարի առաջ լուծում գտավ, բայց բոլորի մոտ մտավախություն կա, որ հանկարծ այս ընթացքը չկասեցվի: Խնդրում եմ, որ մեզ պատասխանեք՝ արդյո՞ք 2 տարի հետո այդ թատրոնի շենքը մենք կունենաք, ինչպես նախատեսված էր»,-հետաքրքրվեց Վիգեն Չալդրանյանը: Ի պատասխան արվեստագետի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե երաշխավորում է, որ համաձայնության, ժամանակավոր կառավարությունը նպատակ չունի կասեցնել այդ գործընթացը: «Բայց ընդհանուր այս համակարգում, պետք է ասեմ, որ եթե մենք ունենք հասարակություն, որը թատրոն չի հաճախում, եղած թատրոններն էլ են շատ: Իսկ եթե մենք ունենանք հասարակություն, որը թատրոն է հաճախում, իհարկե, մենք պետք է ունենանք նոր թատրոններ: Մեր պարտքն է ունենալ այնպիսի հասարակություն, որը թատրոն է հաճախում, հետևաբար՝ այս մեծ քաղաքական համատեքստում կլուծվի նաև Ձեր թատրոնի խնդիրը»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պատասխանը ներկաները ծափողջույններով ընդունեցին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.