Վերջին զանգին ոչ այդքան մեծ գումարներով հնարավոր է շատ լավ օր անցկացնել. Արայիկ Հարությունյանը՝ դրամահավաքների մասին

Կրթության և գիտության նախարար Արային Հարությունյանը Ազատության եթերում «Ֆեյսբուքյան ասուլիսի» ընթացքում անդրադառնալով դպրոցներում դրամահավաքության դեմ պայքարին, ասաց, որ խոսքը չի վերաբերում ավարտական երեկոների համար հավաքված գումարներին, այլ նրան, որ հսկայական գումարների հավաքվում են և նվերների տեսքով հայտնվում որոշ տնօրենների, ուսուցիչների սեղաններին: «Սա կոնկրետ կաշառք է, և ինձ համար անընդունելի է ու դրա դեմ հենց առաջին օրվանից ամենօրյա ռեժիմով պայքարում եմ: Շատ ուրախ եմ, որ սա արդյունք է տալիս, ունեմ ավելի քան 100 հաղորդագրություն, որոնց համաձայն տնօրենները, ուսուցիչները վերադարձնում են այն գումարները, որոնք նախկինում հավաքվել են»-ասաց նա և նշեց, որ այդ դրամահավաքության դեմ դաժան պայքար են անելու: Արայիկ Հարությունյանը նշեց, որ որոշ տնօրեններ, որ ակնկալիք են ունեցել այս դրամահավաքների առումով, հիմա փորձում են պատասխանատվությունը իրենց վրայից գցել նախարարի վրա, և արհեստականորեն խոչընդոտում են միջոցառումների անցկացումը, ավարտական երեկոների անցկացումը: «Իմ դիրքորոշումը հետևյալն է. ոչ այդքան մեծ գումարներով հնարավոր է շատ լավ օր անցկացնել ավարտական քննություններից հետո: Ծնողներին և աշակերտներին ուզում եմ ասել, որ որևէ խոչընդոտ չկա այդ օրվա ձեր ժամանցի համար, բայց դա չպետք է լինի ի հաշիվ ձեր ծնողների գրպանի»,-ասաց նա և նշեց, որ իր մտքով անցել է բյուջե նախատեսել այդ ավարտական միջոցառումների համար, և գտնում է, որ այդ ճոխության մոլուցքից պետք է ազատվել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.