Ավագ դպրոց-միջնակարգ դպրոց տարանջատումն իրեն չարդարացրեց. Արայիկ Հարությունյան

Ավագ դպրոց-միջնակարգ դպրոց տարանջատումն իրեն չարդարացրեց: Այս մասին Azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նշեց, որ կարծում է, թե այդ տարանջատումը լավ համակարգ է, որը պետք է թույլ տար, որ աշակերտները արդեն ավագ դպրոցներում որոշակի հմտություններ ձեռք բերեին: «Պետք է հաշվի առնել, թե ովքեր էին իրականացնում կրթական քաղաքականությունը ՀՀ-ում,  որ կրթական համակարգը տարբեր կուսակցություններ մեկը մյուսի միջև բաժանում էին, բզկտում էին այս համակարգը: Մեկ գալիս էր նախարար «Օրինաց երկրից», մեկ գալիս էր «Հանրապետական» կուսակցությունից, մեկ «Դաշնակցության» ներկայացուցիչ, և ամբողջ նախարարության տրամաբանությունը փոխվում էր. դրանից դպրոցը տուժում էր: Դրա համար այս բոլոր բարեփոխումները, որոնք դրված էին դպրոցի հիմքում, չաշխատեցին, ընդ որում, պետք է նշեմ՝ տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվել հանրակրթության ոլորտի զարգացման համար, և դրա արդյունքում ունեցել ենք չնչին օգուտներ, բարելավումներ»,-ասաց նա: Արայիկ Հարությունյանը նշեց, որ շատ դիմումներ, բողոքներ, առաջարկություններ է ստանում հայ եկեղեցու պատմության առարկայի վերանայման վերաբերյալ, և քիչ չեն առաջարկները, որ պետք է պահպանվի  առարկան: Նա նշեց, որ դիրքորոշումները շատ տարբեր են այդ հարցի առումով, և այդ հարցը քննարկում են, որ լուծում գտնեն: «Մի բան ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրությամբ աշխարհիկ պետություն է, և պետք է փորձենք գտնել օպտիմալ լուծումներ»,- ասաց նա: Ըստ նախարարի` բուհերում գործում են գիտնական-օլիգարխներ, կամ օլիգարխ-ֆակուլտետներ, որոնք, օգտագործելով իրենց տարբեր կապերը, գիտխորհուրդներին, հետո նաև ֆակուլտետներին պարտադրում են իրենց առարկաները: Սա, օրինակ, վերաբերում է  իրավագիտությանը, որը ԵՊՀ գիտխորհրդի կողմից սահմանվել է որպես պարտադիր առարկա: Կարևորելով առարկան՝ նախարարն ասաց, որ իրավագիտության  հիմնական հմտությունները ՀՀ քաղաքացիները պետք է ստանան, իր կարծիքով, դպրոցում, և դա վերաբերում է նաև հայ ժողովրդի պատմությանը: Արայիկ Հարությունյանի գնահատմամբ` հեղափոխությունը նախադրյալներ է ստեղծել արտագաղթը կանխելու և ներգաղթ ապահովելու համար: Ի դեպ, նախարարը, ով նաև դասախոս է, նշեց, որ չի պատրաստվում հեռանալ համալսարանից: «Միշտ ասել եմ, որ համալսարանը լինելու է այն վերջին տեղը, որտեղից հեռանալու եմ»,- հավելեց նա:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.